Ուղիղ եթեր
Սպորտ 5 ժամ առաջ - 15:26 23-10-2026

ՖԻՖԱ-ն հաստատել է Միջմայրցամաքային գավաթի 2026 թվականի եզրափակչի օրը և վայրը

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ 2026 թվականի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Կատարի Ալ-Ռայյան քաղաքի «Ահմադ բին Ալի» մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը։

Վճռորոշ հանդիպմանը չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ու մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ն և ՖԻՖԱ-ի «Չելենջեր գավաթի» հաղթողը։

Այս պահին մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել երեք ակումբներ՝ փարիզյան գրանդը, մեքսիկական «Տոլուկան» (ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի 2026 թ. հաղթող) և հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզը» (Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն)։ Վերջին՝ չորրորդ մասնակիցը հայտնի կդառնա նոյեմբերի 28-ին, երբ կորոշվի Հարավային Ամերիկայի գլխավոր ակումբային մրցաշարի՝ Լիբերտադորեսի գավաթի 2026 թվականի հաղթողը։

Մինչ ՊՍԺ-ի հետ եզրափակիչ դիմակայությունը, մյուս երեք չեմպիոնները Դոհայում կանցկացնեն նախնական փլեյ-օֆֆ հանդիպումներ.

Դեկտեմբերի 9 («Ամերիկաների դերբի» / FIFA Derby of the Americas). Մեքսիկական «Տոլուկան» կմրցի Լիբերտադորեսի գավաթի հաղթողի հետ։

Դեկտեմբերի 12 (FIFA Challenger Cup). Ամերիկյան դիմակայության հաղթողը ուժերը կչափի «Մամելոդի Սանդաունզի» հետ՝ եզրափակչի ուղեգրի համար։

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2025 թվականի խաղարկությունում «Պարի Սեն-Ժերմենը» նվաճել էր պատվավոր տիտղոսը՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասնելով բրազիլական «Ֆլամենգոյի» նկատմամբ (1:1, 11մ՝ 2:1)։

Մրցաշարի ամբողջական ժամանակացույցը.
Չորեքշաբթի, 9 դեկտեմբերի, 2026 թ.
Լիբերտադորեսի գավաթի 2026 թ. հաղթող – «Տոլուկա» (Մեքսիկա)
«Ջասիմ բին Համադ» մարզադաշտ, Դոհա, Կատար

Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2026 թ.
«Ամերիկաների դերբիի» հաղթող – «Մամելոդի Սանդաունզ» (ՀԱՀ)
«Ջասիմ բին Համադ» մարզադաշտ, Դոհա, Կատար

Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2026 թ. (Եզրափակիչ)
«Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – «Չելենջեր գավաթի» հաղթող
«Ահմադ բին Ալի» մարզադաշտ, Ալ-Ռայյան, Կատար

armsport.am