Երբեմն՝ իշխանության հասնելու շանս է տրվում այն ժամանակ, երբ ոչ ոք չէր էլ սպասում։
«Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կսկսեն հանրային քննարկումները, կուղարկենք խորհրդարան։ Եվ մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, սա Հայաստան պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է։ Կփորձենք համոզել, չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- հոկտեմբերի 22-ին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Բանն այն է, որ ՔՊ-ն ԱԺ-ում չունի բավարար թվով մանդատներ և առանց ընդդիմադիր պատգամավորների քվեների՝ չի կարող սահմանադրության հարցն անցկացնել ԱԺ-ում։ Իսկ ընդդիմությունը մինչ օրս դեմ է հանդես եկել Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրության փոփոխութանը, նախաբանից Անկախության հռչակագրին արվող հղումը հանելուն։
Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, հույս ունի համոզել ընդդիմությանն այս հարցում։ Դրա արդյունքում ակնկալվում է, որ ընդդիմադիր խմբակցությունները, կամ դրանիցից մեկը, կամ որոշ ընդդիմադիր պատգամավորներ կփոխեն իրենց դիրքորոշումն ու կողմ կքվեարկեն, որ նոր սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի։ Նախորդ տարիներին այդպիսի փորձեր եղել են, հաջողվել է այլ խմբակցություններից պատգամավորներ պոկել ու բերել ՔՊ-ական դաշտ։
Կհաջողվի՞ Փաշինյանին այս անգամ ևս մտքափոխել ընդդիմադիր պատգամավորներին։
ՀՅԴ-ն շատ ուժերի հետ է գործակցել իր պատմության մեջ։ Գործակցել է երիտթուրքերի հետ Թուրքիայում ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումներ իրականացնելու հարցերում։ Նորանկախ Հայաստանում նա գործակցել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, կիսել նրանց հետ իշխանությունը։ Այս առումով՝ չի բացառվում, որ ՀՅԴ-ն կամ նրա որոշ անդամները կաջակցեն Փաշինյանին Սահմանադրության փոփոխության հարցում, հանուն Հայաստանի հարատևության։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ևս կարող է ճաքեր տալ։ Այն նորաստեղծ ու շատ հավակնոտ միավոր է, որոշ հարցերում պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում։ Որոշ հարցերում նրա դիրքորոշումը ՔՊ-ի դիրքորոշման հետ ընդհանուր եզրեր ունի, ինչը գործակցության հուսեր է արթնացնում։ Այսինքն՝ տեսականորեն չի բացառվում, որ Սամվել Կարապետյանը գործնական մոտեցում ցուցաբերի, նախապայմաններ առաջ քաշի, զիջումներ կորզի Փաշինյանից և մի քանի քվե տա նրան Սահմանադրության հանրաքվեի հարցն անցկացնելու համար։
Փաշինյանի վերը մեջբերված հայտարարությունը թափանցիկ ակնարկ է։ Այն կարելի է որակել որպես բանակցային բաց առաջարկ ուղղված ընդդիմությանը։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը արագ արձագանքի և միանշանակ մերժի Փաշինյանի առաջարկը, կնշանակի՝ առաջիկայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Եթե չնկատի Փաշինյանի առաջարկը, չվերահաստատի իր անհաշտ դիրքորոշումը, կնշանակի՝ բանակցային դուռը բաց է պահում, և հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ անց արդյունք արձանագրվի։
Պարզ ասած՝ եթե Փաշինյանն իր այս խոսքից չթռնի, ապա իշխանության հասնելու իրական հնարավորություն կբացվի։ Մնում է՝ ընդդիմադիրն օգտվի այդ շանսից։
Սակայն այս լավատեսության բավարար հիմքեր չկան, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե Փաշինյանը վաղը չի փոխի իր ասածը։ Հարկ է հիշել նաև, որ ՔՊ-ն մեծ դժվարությամբ, քվեների վերաբաշխում անելով է հաղթել հունիսի 7-ին ու դարձել իշխանություն։ ԵՄ-ն, Արևմուտքը հնարավոր է՝ լուրջ աջակցություն չցուցաբերեն Փաշինյանին արտահերթում, քանի որ նա գրեթե ոչինչ չի արել անկախության և ժողովրդավարության բարեփոխումների հարցում։
Այսինքն՝ ՔՊ-ի համար ռիսկային է արտարհերթը, կա պարտվելու մեծ ռիսկ։ Ընդդիմության հետ կապված նույնպես հոռետեսություն կա։ Հիմքեր չկան, որ նրանք կփոխեն իրենց ռուսամետ կուրսն ու կհաղթեն ՔՊ-ին։ Հետևապես՝ ենթադրելի է, որ Փաշինյանի վերը մեջբերված խոսքն ուղղված է ոչ թե ընդդիմությանը, այլ Ադրբեջանին, որ վերջինս հրաժարվի նախապայմանից ու ստորագրի պայմանագիրը, քանի որ եթե արտահերթ նշանակվի ու ՔՊ-ն պարտվի, ապա իշխանության կգան ազգային ուժերը, որոնք կփոխեն ՀՀ ռուսամետ կուրսը, Արևմուտքի աջակցությամբ վերստին կազատագրեն Արցախը, հետ կբերեն ՀՀ-ից զավթված տարածքները, կարդարացնեն Բաքվում պահվող հայ գերիներին։ Այսինքն՝ Ալիևի նվաճումները ջուրը կընկնեն, և վերջինս, չհաշտվելով պարտության հետ, ինքնապսպան կլինի։
Թաթուլ Մկրտչյան