Գրեթե 10 օր է՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն տանող ճանապարհին, ըստ բնակիչների, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը կորչում է՝ լցվելով մարդկանց սեփական տներ ու այգիներ, իսկ պատասխանատուները, տվյալ դեպքում, ինչպես նշում էին քաղաքացիները, «Վեոլիա ջուրը», ոչինչ չի ձեռնարկում։ Թե ինչու, դա երևի միայն իրենց է հայտնի։ Հայտնում է shamshyan.com-ը:
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները արդարացիորեն ու զայրացած իրենց խոսքն էին ուղղում «Վեոլիա ջրին»՝ ասելով.
«10 օր է՝ ջուրը կորչում է, 10 օր է՝ «Վեոլիա ջրից» չեն բարեհաճում գալ ու վթարը վերացնել։ 4 անգամ զանգահարել եմ, նույնիսկ համբերությանս բաժակը այնքան լցվեց, որ իմանալով զանգը ձայնագրվում է, քրֆեցի։ Բա ոնց չվիրավորես, երբ գիտես, որ աշխարհը պայքարում է ջրի պահպանման համար, իսկ մեզ մոտ էս վիճակն է։ Թաղապետարան չեմ կարողացել ընկնել, քանի որ հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Հիմա դրա համար ստիպված դիմում ենք Երևանի քաղաքապետին, որ ինքը միջոցներ ձեռնարկի, գան, սրա դեմն առնեն։ Թե չէ օրերով չեն գա, իսկ ջրի կորուստն էլ երևի մեր նման շարքային, քրտինքով հաց վաստակող մարդկանց կաշվից կհանեն։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում նման արհամարհական վերաբերմունք Աստծո կողմից տրված ջրի, իսկ հետո պարտաճանաչ վճարումները կատարող քաղաքացիներին հանդեպ։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: