Արտաքին 1 ժամ առաջ - 20:01 19-10-2026

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, պետության դեմ ուղղված հրապարակումների և կրոնական ատելություն հրահրելու գործով։

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ քննության այս փուլում հավաքված ապացույցների հիման վրա հիմնավոր կասկածներ են առաջացել նշված անձանց առնչությամբ։

Հետախուզվողների թվում են 1961 թվականին ծնված Ռիդվան Քայան՝ «Haksöz» ամսագրի և «Haksöz Haber» կայքի հեղինակ, 1981 թվականին ծնված Զաքարիա Ջերանը, որը հայտնի է նաև Աբդուլլահ Իմամօղլու անունով և հանդես է գալիս «Köklü Değişim» հրատարակությունում ու «Değişim TV»-ում։

Ցուցակում են նաև 1976 թվականին ծնված Ֆաթիհ Թեզջանը՝ «Analiz Merkezi» կայքի հիմնադիրը, 1971 թվականին ծնված փաստաբան Ահմեթ Շանլըն և նույն թվականին ծնված հետազոտող Ֆահրեթթին Թաշքայա Սարալը։

Միջազգային հետախուզում է հայտարարվել նաև 1975 թվականին ծնված Աբդուրահման Թումերի նկատմամբ, որը Facebook-ում անձնական էջ ունի իր անունով, ինչպես նաև Ալփարսլան Թանըրքուլուի նկատմամբ, որը հանդես է գալիս որպես մոդերատոր և մարզիկ։