Մամուլ 1 ժամ առաջ - 08:07 15-10-2026

Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարին պատրաստվում է միանալ Արթուր Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է Գագիկ Ծառուկյանի թիկնապահ «Պալաչ» մականունով։ Սակայն նրա անցյալում կա ուշագրավ դատական պատմություն․ 2017 թվականին դատարանը նրան սնանկ է ճանաչել 3 միլիոն դրամի պարտքը սահմանված ժամկետում չվերադարձնելու հիմքով։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը։ Ըստ այդմ, 2017 թվականի դեկտեմբերի 19-ին դատավոր Տ. Փոլադյանը բավարարել է Արտակ Եղոյանի դիմումը և Արթուր Գեղամի Հարությունյանին ճանաչել սնանկ։

Պետական բյուջեի օգտին ևս 100 հազար դրամ․

Դատարանի վճռով որոշվել է նաև Արթուր Հարությունյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձման ենթակա 100 հազար դրամ պետական տուրքը գրանցել սնանկության վարույթի շրջանակում՝ որպես դատական ծախս։ Բացի այդ, դատարանը որոշել է արգելանք դնել Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա։Արթուր Հարությունյանի՝ Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության ֆոնին նրա գործարար անցյալի այս դրվագը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր է առաջացնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։