ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 8-ի երեկոյան իր սոցցանցի էջում անդրադարձել է ԱԺ-ում օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասելով, թե ընդդիմադիրները խիստ նեղսրտել են, երբ ընդդիմադիր խմբակցություններից մեկի օգնական-«ախրաննիկներին» թույլ չեն տվել մտնել ԱԺ դահլիճ՝ խիստ մարտական տրամադրված։
«Էս մարդիկ հետո նեղանում են, երբ ասում ենք, որ իրենք նաիրիհունանյանացու են ու/կամ նաիրիհունանյանացուների սատարիչներ են աշխատում»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Ինչո՞ւ է ՔՊ-ական փոխխոսնակը հիշում Նաիրի Հունանյանին։ Նա դա անում է գիտակցաբա՞ր, թե՞ բնազդաբար։ Եվ եթե Նաիրի Հունանյանի անունը լավ հիշում են ու հաճախ տալիս, ինչո՞ւ չեն բացահայտում Հոկտեմբերի 27-ը։
ՀՀ քաղհասարակությունը մերժում է ահաբեկչությունը։ 1999-ի ահաբեկչությունից առաջ ժողովրդի մեջ կային մարդիկ, որոնք առանց հասկանալու՝ խոսում էին տեռորով իշխանափոխության հնարավորության մասին։ Հոկտեմբերի 27-ից հետո քաղհասարակությունը, կուսակցությունները, գրեթե բոլորը մերժում են ահաբեկչությունը որպես քաղաքական պայքարի գործիք։ «Ո՛չ՝ ահաբեկչությանը» խորագրով բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպել։ Պատկերավոր ասած՝ այս թեման ականջ չունի։
Սակայն Նաիրի Հունանյանին հաճախ են հիշում ՔՊ-ական պատգամավորները։ Նրանք ընդդիմադիրներին ասոցացնում են նրա հետ, կասկած են հայտնում, որ ընդդիմախոսները պոտենցիալ ահաբեկիչ են, նման բաներ են ծրագրում և այլն։
Նույնպիսի ակնարկ է անում նաև ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։ Նկատենք, որ սա ծանր հանդիմանանք է։ ՔՊ-ականը փաստացի ակնարկում է, որ ընդդիմադիրները պոտենցիալ ահաբեկիչ են կամ ահաբեկչության սատարիչներ, պետության, իշխանության դեմ հանցագործության ընդունակ մարդիկ։ Իհարկե՝ այսպիսի որակումը վիրավորական է, և հասցեատերն իրավամբ կարող է նեղանալ։
Ենթադրելի է, որ ՔՊ-ականները պարզապես շահարկում են թեման ժողովրդին վախեցնելու համար, որ մարդիկ չաջակցեն ընդդիմադիր ուժերին, քանի որ նրանք պոտենցիալ ահաբեկիչ են կամ ահաբեկչության սատարիչներ։ Այս նարատիվը կիրառվում է նաև դրսում։ Երբ միջազգային հարթակներում ՀՀ իշխանությանը հանդիմանում են մարդու իրավունքների ոտնահարման, քաղաքական հետապնդումների, հոգևորականների դեմ արշավի համար, ապա ՔՊ-ականները հակադարձում են՝ հորինելով չհիմնավորված կասկածներ, թե ընդդիմադիրները նաիրիհունանյանացու են կամ նաիրիհունանյանացուների սատարիչներ։
Եթե այսօրինակ կասկածները հիմնավոր են, ապա կասկած հայտնողը պարտավոր է այդ մասին հաղորդում ներկայացնել իրավապահին, քանի որ խոսքը վերաբերում է ծանրագույն հանցանքի, պետության համար շատ վտանգավոր երևույթի։ Իսկ դատարկ, անհասցե ու անհետևանք կասկածները կարող են հակառակ էֆեկտն ունենալ։ Մարդիկ, որոնք մոռացել էին Նաիրի Հունանյանին, կարող են հիշել, մտածել, խոսել նրա մասին։ Գիտակցո՞ւմ է ՔՊ-ականը, թե ինչ է ցանում։
Ի վերջո՝ եթե ՔՊ-ի համար Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն այդքան նշանակալի է, որ հաճախ հիշում են, ապա ինչո՞ւ չեն բացահայտում այս հանցագործությունը լիարժեք, ինչո՞ւ չեն բացահայտում կազմակերպիչներին, պատվիրատուներին։
Հիշեցնենք, որ կար անջատված գործ, որը քննում էր պատվիրատուների, արտաքին կազմակերպիչների վերաբերյալ կասկածները։ Քննվում էր թուրքական հետքը, ռուսական հետքը։ Հանրության մի մասը կարծում էր, որ ԿԳԲ-ն է կազմակերպել այս ահաբեկչությունը, և ԱԱԾ-ն տեղյակ է եղել Հոկտեմբերի 27-ի մասին։ Ոմանք կարծում էին, թե Ռոբերտ Քոչարյանն առնչություն ունի, և այլն։
Պարզ ասած՝ լավատեսություն կա, որ ՔՊ-ականները դատարկախոս չեն, իրապես մտահոգված են Հոկտեմբերի 27-ի կրկնությամբ։ Այդ մտահոգությունից ելնելով՝ Վահագն Ալեքսանյանը ջանք կգործադրի, որ բացահայտվեն Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն ու պատվիրատուները։ Եվ այդ բացահայտումն իրապես կչեզոքացնի կրկնության ռիսկերը։ Իսկ եթե առաջիկայում նման քայլեր չարվեն, կնշանակի՝ ՔՊ-ականները սոսկ շահարկում են Հոկտեմբերի 27-ի թեման ժողովրդին վախեցնելու և իրենց հակաժողովրդավարական քայլերն արդարացնելու համար։
Թաթուլ Մկրտչյան