Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 16:00 01-10-2026

Կեցցե՜ թանկացումը. չի հետաքրքրում, թե քանի ընտանիք կաղքատանա

Նիկոլ Փաշինյանի խոսքն օրեցօր ավելի է կտրվում իրականությունից։ Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի, նիստում նա անդրադարձել է անշարժ գույքի գներին։

«Պատկերացրեք՝ 2018 թվականին մարդու տունը արժեր 50,000 դոլար, իսկ 2026 թվականին այդ նույն տունը արժի 100,000 դոլար, մարդը կրկնակի հարստացել է, բայց ինքը չգիտի դրա մասին»,- ասել է նա, ապա հավելել, որ Երևանում անշարժ գույքի գների կտրուկ թանկանալը կարող է մի երևույթի բերել, որն իր համար ցանկալի երևույթ է:

«Դա այն է, որ դեպի Երևան հոսքերը մի քիչ դանդաղեն, բիզնեսները որոշեն իրենց ինքնարժեքն ու ծախսերը նվազեցնելու համար կամաց-կամաց Երևանի կենտրոնից դուրս գալ, այդպիսով մարդկային հոսքը, աշխատատեղերը տեղափոխվեն դեպի մարզեր: Վարձավճարներից առավել հաճախ բողոքում են այն մարդիկ, ովքեր մարզերից եկել են Երևան աշխատանք գտնելու, հիմա եթե այս էֆեկտը աշխատանքի որոշակի հատվածը հետ տանի մարզեր, դա կարող է հնարավորություն ստեղծել, որ այդ մարդիկ գնան և իրենց տներում ու մարզերում ապրեն»,- նշել է Փաշինյանը:

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի հակագիտական և հակասոցիալական բաներ ասում։

Տնտեսությունից տարրական պատկերացում ունեցողն էլ գիտի, որ տների գները թանկանում են ընդհանուր թանկացումների ֆոնին։ Հնարավոր չէ, որ տները թանկանան, իսկ մնացած ամեն ինչի գները մնան նույնը։ Ուստի՝ վերացական է պնդումը, թե եթե 50 հազարանոց տունը դարձել է 100, ապա մարդը հարստացել է:

Իրականում՝ տեղի է ունեցել հակառակը։ Երբ մարդու եկամուտները, աշխատավարձը չեն ավելանում, ապա թանկացումների հետևանքով մարդը չի կարողանում շատ բաներից օգտվել, այսինքն՝ համեմատաբար վատ է ապրում, աղքատանում։ Եթե թանկացումից առաջ նա կարողանում էր ապահովել ընտանիքի կարիքների մի մասը, ապա թանկացումից հետո ավելի քիչ կարիքներ է ապահովում։ Այսինքն՝ ընտանիքի սոցիալական վիճակը վատանում է, ընտանիքն աղքատանում է։

Այս մասին հանրային բողոքները, հավանաբար, հասնում են նաև վարչապետին։ Եվ սոցիալական ծրագրեր իրականացնելու փոխարեն, վարչապետը վերացարկում է անում՝ հակադարձելով, թե թանկացման արդյունքում մարդիկ ոչ թե աղքատացել են, այլ հարստացել, բայց այդ մասին դեռ չգիտեն։

Ավելի հակասոցիալական է նրա խոսքը տան վարձերի թանկացման ենթադրյալ էֆեկտի մասին։ Ի՞նչ աստիճանի պետք է կտրված լինել իրականությունից, որ ասել, թե տան վարձերի թանկացման արդյունքում մարդիկ կգնան մարզեր, իրենց տները։

Մարզերից Երևան եկողների մի մասն ուսանողներ են, սովորում են Երևանի բուհերում, քոլեջներում։ Թանկացումներին բախվող ուսանողն ի՞նչ անի, ուսումը կիսատ թողնի ու վերադառնա գյո՞ւղ։ Սա՞ է Փաշինյանի ակնկալած դրական էֆեկտը։ Աշխատողները մարզից Երևան են գալիս, քանի որ իրենց մարզում աշխատանք չկա, աշխատատեղ չկա։ Իսկ երբ վարձով տներն այսպես թանկանում են, մարդը վերադառնում է մարզ, սոված նստում, քանի որ գործ չկա։

Փաշինյանի վերը բերված խոսքից ենթադրելի է, որ անշարժ գույքի վարձակալման գներն արհեստականորեն են բարձրացրել, որ մարդկանց քշեն մարզեր, մարզերը զարգացնեն։ Իհարկե, լավ կլինի, որ մարզերը նույնպես զարգանան, բարձրանա բարեկեցության մակարդակը։ Սակայն դրա համար նախ պետք է մարզերում ներդրումներ կատարել, աշխատատեղեր բացել, ենթակառուցվածքներ ստեղծել, հետո մարդկանց հետ քշել մարզեր։ Իսկ հիմա տպավորություն է ստեղծվում, թե հույսը մարդկանց ինքնագործունեության ու նախաձեռնության վրա է։ Այսինքն՝ մարզեր քշված մարդիկ իրենք պետք է վարկեր վերցնեն, աշխատատեղեր բացեն, ենթակառուցվածքներ ստեղծեն և այլն։

Այստեղ հաշվի չեն առնում մի պարզ բան։ Ովքեր մարզում կարող էին գործ դնել կամ աշխատել, նրանք այնտեղ արդեն դրել ու անում են։ Երևան են գալիս նրանք, որոնք չեն կարողանում մարզում բիզնես դնել, աշխատանք ճարել, ընտանիք պահել։ Նրանց նորից մարզ ուղարկելը կնշանակի՝ այդ մարդկանց դատապարտել աղքատության։ Փաշինյանն այս իրականությունը չի տեսնո՞ւմ։

Կարճ ասած՝ ՔՊ-ի սոցիալական քաղաքականությունը հակասոցիալական է։ Տնտեսության զարգացում նկատվում է միայն անշարժ գույքի շինարարության ոլորտում։ ՀՀ-ում առավելապես անշարժ գույքի շինարարության մեջ են ներդրումներ կատարվում։ Ուստի՝ բնական է, որ վարչապետը պետք է ուրախանա անշարժ գույքի գների աճով, քանի որ կարող է աշխարհին ցույց տալ, թե տնտեսությունն աճում է, և այդ հիմքով հավելյալ վարկեր վերցնել։ Իսկ թե այդ թանկացումների արդյունքում քանի ուսանող կկիսատ թողնի ուսումը, քանի ընտանիք կաղքատանա, կմնա փողոցում, կհայտնվի էժանագին հոսթելներում, դա արդեն Փաշինյանին ու նրա կառավարությանը, հավանաբար, չի հետաքրքրում։


Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
19:34 Փողը մենք ենք հավաքում, դեսպանատունը չի օգնում․ ինչ է լինում, երբ հնդիկ աշխատողը մահանում է Հայաստանում
19:28 Գեղարքունիքի մարզում «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար