Ներքին 53 րոպե առաջ - 19:34 30-09-2026

Փողը մենք ենք հավաքում, դեսպանատունը չի օգնում․ ինչ է լինում, երբ հնդիկ աշխատողը մահանում է Հայաստանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի փողոցներում մոպեդներով սլացող առաքիչներն ու նորակառույց շենքերի վրա աշխատող բանվորները վաղուց դարձել են մերօրյա տնտեսական կյանքի անբաժանելի մասը։

Հատկապես շինարարական բումի ֆոնին, Հնդկաստանի հազարավոր քաղաքացիներ ժամանել են Հայաստան՝ ֆիզիկական ծանր աշխատանքով սեփական ընտանիքներին պահելու հույսով Սակայն, աշխատանքային մեծ ներգրավվածությանը զուգահեռ, ավելացել են նաև դժբախտ պատահարները։

Թեև դրանք բացարձակ պատահականություններ են, փաստերը մնում են ողբերգական։ Վերջին շրջանում Հայաստանում գրանցվել են մի քանի ցնցող դեպքեր, երբ հնդիկ աշխատողները մահացել են հենց աշխատանքային պրոցեսի կամ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում։

Ամենաաղմկահարույց և ողբերգական պատահարներից մեկը տեղի ունեցավ Աշտարակի խճուղում․ ուժեղ քամուց հաստաբուն ծառը տապալվեց անմիջապես ընթացող մոպեդի վրա, ինչի հետևանքով երիտասարդ հնդիկ առաքիչը տեղում մահացավ։ Սա միակ դեպքը չէ. երևանյան շինհրապարակներում բարձրությունից ընկնելու, անվտանգության կանոնների թերի կիրառման կամ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով ևս գրանցվել են մահվան ելքով դեպքեր, որոնց զոհ են դարձել օտարերկրյա բանվորները։

Հարց է առաջանում՝ ինչ է լինում հետո, ինչպես է կազմակերպվում օտարերկրացու հուղարկավորությունը կամ աճյունի տեղափոխումը։ Հայաստանի պետական մարմինները նման դեպքերում ապահովում են բացառապես իրավական և կազմակերպչական աջակցություն։

Քրեական վարույթի շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է պետության հաշվին, որից հետո տրամադրվում է մահվան վկայականն ու աճյունը երկրից դուրս բերելու թույլտվությունը։

Սակայն պետությունը սեփական բյուջեից ուղղակիորեն չի ֆինանսավորում օտարերկրյա քաղաքացիների աճյունների հայրենադարձումը։ Եթե աշխատողն ունեցել է օրինական պայմանագիր, ծախսերը հաճախ իր վրա է վերցնում գործատու ընկերությունը՝ իրավական պատասխանատվությունից խուսափելու համար։

Իսկ եթե աշխատողն անօրինական է եղել (ինչը հնդիկների դեպքում մեծ տոկոս է կազմում), գործընթացը մտնում է փակուղի։ Մինչ պաշտոնական խողովակները խոսում են դիվանագիտական ընթացակարգերի մասին, իրականությունը, որին բախվում են հնդիկ միգրանտները, շատ ավելի դաժան է։

Հայաստանում աշխատող Հնդկաստանի քաղաքացի Աջեյ Կումարը Оragir.News-ի հետ զրույցում վստահեցնում է, որ տեր և հարազատ չունեցող հնդիկների մահվան դեպքերը չեն թաքցվում կամ կոծկվում. «Ո՛չ, նման բան չկա։ Եթե այստեղ որևէ հնդիկ է մահանում, նրա մարմինը հաստատ ուղարկում են Հնդկաստան։ Դա հաստատ է, այդ փաստերը չեն թաքցվում։ Հիշում եմ՝ մոտ երկու տարի առաջ էլի մի հոգու այդպես տեղափոխեցինք հայրենիք»։

Աջեյը նշում է, որ աճյունի տեղափոխումը հսկայական գումարների հետ է կապված. «Մոտավոր հաշվարկներով՝ աճյունը Հնդկաստան տեղափոխելու համար պահանջվում է շուրջ 2000 դոլար։ Սակայն, երբ որևէ մեկը դիմում է դեսպանատանը, այն ոչ մի բանով չի օգնում, ֆինանսական ոչ մի հոգս իր վրա չի վերցնում։ Դեսպանատունն ընդհանրապես տեր չի կանգնում մեր հայրենակիցներին, ինչը շատ վատ է»։

Ստացվում է՝ չարքաշ բանվորներն իրենք են տեր կանգնում իրենց հայրենակիցների աճյուններին։

«Քանի որ պաշտոնական աջակցություն չկա, մեր համայնքի մարդիկ, ով որքան կարողանում է, գումար են հավաքում մեկ-մեկ։ Այդպես, ամբողջ գումարը հանգանակելուց հետո միայն հնարավոր է լինում աճյունը բարով-խերով տուն ուղարկել»,- պատմում է Աջեյ Կումարը և հավելում, որ ինքն էլ է անձամբ մշտապես մասնակցում այդ դրամահավաքներին ու օգնում հայրենակիցներին։

Այսպիսով, Հայաստանում զոհված հնդիկ միգրանտների վերջին տոմսի հարցը լուծվում է ոչ թե միջպետական հոգածության կամ դիվանագիտական բարձր աջակցության, այլ հենց իրենց՝ օրվա հացի խնդիր լուծող հնդիկ աշխատավորների կոպեկների հաշվին։


Հասմիկ Մովսիսյան