Oragir.News-ի տեղեկություններով՝ Արթիկում ՏԻՄ ընտրություններից առաջ ճնշումներ են գործադրվում «Ապրելու երկիր» կուսակցության անդամների վրա։
«ՔՊ-ի կողմից բռնաճնշումները շարունակվում են, քանի որ իրենք մտավախություն ունեն, որ Արթուր Աստոյանը կհաղթի։ Մինչև ԿԸՀ-ում գրանցվելու պահը մեկ հոգի ևս՝ Թորոս Թորոսյանը, ինքնաբացարկ է հայտնել։ Բացի դրանից, տարբեր խողովակներով ճնշումներ են գործադրում ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուների վրա։ Արթուր Աստոյանը, երբ սոցցանցի իր էջում գրել էր թեկնածության մասին, դրանից հետո ճնշումները ավելացել են»,-
Oragir.News-ին հայտնել է քաղաքացին։
Հիշեցնենք, որ օրերս «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը սոցցանցի իր էջում գրառում էր կատարել իր թեկնածության մասին։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ի ցուցակում կան ուսուցիչներ, և, ըստ օրենքի, նրանք պետք է մեկ ամսով արձակուրդ վերցնեն, որպեսզի դասապրոցեսը չխաթարվի։
«Վարագյան Մխիթարի պարագայում վստահ են, որ կոալիցիա կկազմեն, Լևոն Վահրադյանի շանսերը մեծ չեն, իսկ հիմնական թեկնածուն մնում է Արթուր Աստոյանը, ով իշխանությանն ընդդիմություն է։ Այդ իսկ պատճառով էլ ճնշումները Արթուր Աստոյանի և նրա թիմակիցների վրա են»,- շարունակում է մեր աղբյուրը։
Արթուր Աստոյանը ավագանու անդամ է, գործարար։
Oragir.News-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանից՝ մասնավորապես ՔՊ-ի ցուցակում ընդգրկված ուսուցիչների վերաբերյալ։
Oragir.News-ի հարցերին ի պատասխան՝ Պետոյանը հայտարարեց. «Ձեր ասածի վերաբերյալ ես տեղեկատվության չեմ տիրապետում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ախուրյան և Արթիկ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Արթիկում մասնակցելու հայտ են ներկայացրել 4 քաղաքական ուժեր։
Անահիտ Չալիկյան