Ներքին 1 ժամ առաջ - 09:00 21-09-2026

Արժանի լինենք Աստծո մեծ նվերին. Անկախության 35-րդ տարեդարձն է

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Անկախությունն Աստծո ամենամեծ նվերն է մեզ՝ քաղաքացիներիս։ Յուրաքանչյուրիս պարտքն է սրբորեն պահպանել, պաշտպանել, ամրացնել, զարգացնել այն և ժառանգել սերունդներին։ Այս առումով՝ Սեպտեմբերի 21-ը ոչ միայն ազգային տոն է, այլև հաշվետվության օր։ Քաղաքական գործիչները այսօր թող հետ նայեն ու հարց տան իրենց, թե ի՞նչ են արել տարվա ընթացքում Անկախության պաշտպանության համար։

Սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի էր դրված հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։ Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը՝ 2 միլիոն 42 հազար 627 մարդ, այդ հարցին պատասխանել է «Այո»։ Այսինքն՝ մեր ժողովրդի 99 տոկոսը անկախության կողմնակից է։ Եվ սուտ են այն մանիպուլյացիաները, թե ժողովուրդն անկախություն չէր ուզում կամ չի ուզում։

Անկախությունը միայն կարգավիճակ չէ։ Անկախությունը քաղաքական հիմնահարցերի բանալին է։ Տարիներ առաջ քաղաքական համայնքի մի մասը թյուրիմացաբար կարծում էր, թե Արցախի հարցի լուծման բանալին ինչ-որ երկրի գրպանում էր։ Իրականում բանալին ՀՀ անկախությունն էր։ Եթե քաղաքականություն որոշողները սա հասկանային, ապա չէինք պարտվի ու Արցախը կմնար մերը։

Անկախությունը ժողովրդի համար ամենակարևորն ու ամենաթանկն է, ժողովրդի գոյության իմաստը։ Հայ ժողովուրդը ծնվել է անկախության համար կռվով։ Հայկ նահապետը անկախության համար է կռվել Բելի դեմ։ Անկախության համար այդ մեծ կռիվն ու հաղթանակն է ժողովրդին կյանք տվել։ Եվ այսօր էլ սահմանին կանգնած զինվորը կյանքի գնով պաշտպանում է աշխարհում ամենաթանկը՝ ՀՀ անկախությունը։

Անկախությունը քաղաքականություն որոշելու սուվերեն իրավունքն է։ Քաղաքականության պատմության մեջ անկախությունը միշտ և ամենուրեք այս իմաստն ունի։ Ցավոք՝ որոշ տգետներ բազմակի կախվածությունը փորձում են նույնացնել անկախության հետ, ինչը սխալ է և կարող է այլասերել հանրային պատկերացումները անկախության մասին։

Ի սեր ճշմարտության հարկ է հիշել, որ Սեպտեմբերի 21-ի հանրաքվեի «Այո» քարոզարշավին մասնակցել է 6 կուսակցություն։ Քաղաքական ուժերի մեծ մասը չեն մասնակցել արշավին։ Ոմանք ուզում էին մեծանալ՝ նոր անկախանալ, ոմանք՝ զարգանալ՝ նոր անկախանալ։ Ոմանք ուզում էին բազմակի կախվածություն, այսինքն՝ լինել և՛ ԽՍՀՄ կազմում, և՛ ԵՄ անդամ, և՛ ԱՄՆ նահանգ և այլն։ Ոմանք ծիծաղում էին անկախության քարոզչություն անողների վրա, անկախության համար պայքարն անշնորհակալ գործ որակելով։

Սեպտեմբերի 21-ը անկախականների պայքարի հաղթանակի, նրանց երազանքի իրականացման օրն է։ Եվ ուրեմն՝ ազնիվ կլինի, որ այսօր շնորհակալություն հայտնենք նրանց նվիրումի, անխոնջ պայքարի, անսասան հավատի համար։ Ցավոք՝ օրվա իշխանությունն անտարբերություն է ցուցաբերում անկախության պայքարի առաջնորդների և նվիրյալների նկատմամբ, և մարդիկ կարծում են, թե անկախության համար պայքարն անշնորհակալ գործ է։ Այս անտարբերության պատճառով է, որ այսօր դեռ կան անկախությունը վերացարկողներ, անկախության պաշտպանության համար պայքարում կրավորական, կամազուրկ կեցվածք ընդունողներ։

Անկախության համար հայ ժողովրդի պայքարը Սեպտեմբերի 21-ով չի ավարտվել, այն այսօր էլ շարունակվում է։ Անկախությունն Աստծո ամենամեծ նվեր ընկալողները ամենօրյա աշխատանքով ամրացնում են այն, սերունդներին ավելի ամուր ու պաշտպանված հայրենիք-պետություն թողնելու պատասխանատվությամբ։ Եվ եթե անկախության կանխավարկածը դառնա քաղաքական խոսույթի ելակետն, ապա կարճ ժամանակ անց քաղաքական համայնքից կմաքրվեն անկախությունը կասկածի տակ դնողները և կվերանան անկախության հետ կապված ռիսկերը։

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Սեպտեմբերի 21-ով ծնված ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանը։ Փառք անկախության պայքարի նահատակներին, նվիրյալներին և պայքարի ջահը վառ պահողներին։ Եվ հազար երանի մեզ, մեր երեխաներին, թոռներին, ծոռան ծոռներին, որ ապրում ու ապրելու ենք ազատ, անկախ Հայաստանում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին