2018 թվականի թավշյա հեղափոխության հարթակից հնչող ամենաառանցքային ու սպասված խոստումներից մեկը դատաիրավական համակարգի արմատական մաքրումն էր՝ համատարած «վեթինգն» ու անցումային արդարադատության ներդրումը։
Հասարակությունը, որը տարիներ շարունակ տուժել էր անարդար դատական համակարգից, ակնկալում էր արդարության արագ վերականգնում։
Սակայն տարիներ անց այդ խոստումն այդպես էլ կյանքի չկոչվեց, իսկ բարեփոխումները, ոլորտի մասնագետների գնահատմամբ, պարզապես տապալվեցին։ Այս խնդրի, դրա խորքային պատճառների ու հասարակության հիասթափության մասին իրավացիորեն բարձրաձայնում է իրավապաշտպան և քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ իշխանությունը գնաց ամենատխուր ճանապարհով՝ փոփոխությունները պատվիրակելով հենց այն մարմիններին, որոնք տարիներ շարունակ եղել են հանցավոր համակարգի մասը։
Իրավապաշտպանը շեշտում է, որ նորաստեղծ հակակոռուպցիոն մարմիններն ու ստորաբաժանումները, որոնք պետք է արմատախիլ անեին արատավոր բարքերը, իրականում համալրվեցին հին կադրերով։
Կարապետյանցը հիշեցնում է, որ քաղհասարակության ներկայացուցիչները բավականին համբերատար են գտնվել և մինչև 2019 թվականի կեսերը փորձել են համագործակցել իշխանությունների հետ՝ երկրում իրական ռեֆորմներ տեսնելու ակնկալիքով։ Սակայն, հետահայաց նայելիս, պարզ է դառնում, որ անցումային արդարադատության գործիքակազմի կիրառումը հետևողականորեն տապալվել է, ընդ որում՝ այն թիմերի կողմից, որոնք այսօր հանդես են գալիս որպես իշխանության բացահայտ քարոզիչներ։
«2020 թվականի պատերազմից հետո մենք արդեն սկսեցինք տեսնել ամենախայտառակ դրվագները. այդ գործիքներն արդեն մեծ մասշտաբներով սկսեցին կիրառվել հասարակության ու ժողովրդի դեմ։ Դա խիստ կանխատեսելի էր, և չտեսնելու համար պետք էր պարզապես կույր լինել։ Թեև քաղհասարակության մեջ կային մարդիկ, որոնք կա՛մ կիսամոլորության մեջ էին, կա՛մ ձևացնում էին։ Չէ՞ որ քաղհասարակության ներկայացուցիչները շարքային քաղաքացիներից տարբերվում են հենց նրանով, որ ունեն բավարար գիտելիք, փորձ ու կարողություն՝ հասկանալու համար՝ իշխանության քայլերը բերելո՞ւ են իրական փոփոխության, թե՞ ոչ։ Նրանք կարող էին և պարտավոր էին դա տեսնել, բայց ենթադրում եմ, որ մի մասն այդ ամենն ի սկզբանե շատ լավ գիտեր...»,- ասում է Նինա Կարապետյանցը։
Մանրամասները տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան