ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջին շրջանի ակտիվ ստուգայցերը զորամասեր և առաջնագիծ, որոնք հանրությանը ներկայացվում են որպես կարգապահության և բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված քայլեր, համացանցում հայտնված կադրերի պատճառով հակառակ ազդեցությունն են թողնում: Առաջնագծում արված տեսանյութերից պարզ է դառնում, որ նախարարին ուղեկցող անվտանգության աշխատակիցը ոչ միայն չի պահպանում տարրական զինվորական կանոնները, այլև իր կեցվածքով իսպառ նսեմացնում է ռազմական գերատեսչության լրջությունը:
Համացանցում տարածված կադրերում ակնառու է, թե ինչպես է նախարարի թիկնապահը՝ առանց զրահաբաճկոնի, առանց սաղավարտի շրջում հենց խրամատների գլխով: Ավելին՝ նրա ուսից անփութորեն կախված հրազենն ու կեցվածքը, ինչպես նաև դիրքերի թմբերի վրայով անկազմակերպ ցատկոտելը ցույց են տալիս զինվորական կարգապահության իսպառ բացակայություն։
Ռազմական գործում ցանկացած այց առաջնագիծ պահանջում է անվտանգության կանոնների խստագույն պահպանում, որտեղ յուրաքանչյուր սպա և անվտանգության աշխատակից պարտավոր են լինել համապատասխան հանդերձանքով: Երբ երկրի թիվ մեկ ռազմական պաշտոնյայի անմիջական թիկունքն ապահովող անձը հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող գոտում հանդես է գալիս անհասկանալի կեցվածքով, դա արդեն անլրջության բացահայտ դրսևորում է:
Ի՞նչ որակի կարգապահություն է պահանջում նախարարը զինվորից, եթե նրա կողքին կանգնած թիկնապահը չունի զինվորական տարրական արտաքին տեսք և պատշաճ հանդերձանք: Ինչպե՞ս կարող է սեփական անձի անվտանգությունն անտեսող աշխատակիցը երաշխավորել բարձրաստիճան պաշտոնյայի կյանքը մարտական դիրքում:
Եթե նախարարության նպատակն է ստուգել զորքի կազմակերպվածությունն ու մարտական պատրաստությունը, ապա նախարարն ու իր պատվիրակությունն առաջինը պետք է անձնական օրինակով ցույց տան, թե ինչ է նշանակում զինվորական կանոնագիրք: Առաջնահերթությունը պետք է լինի ենթակաների կարգապահությանը։
Նման թափթվածությունը ոչ միայն պատիվ չի բերում Պաշտպանության նախարարությանը, այլև հանրության շրջանում արդարացի կասկածներ է առաջացնում բանակում ընթացող բարեփոխումների որակի վերաբերյալ: Ցուցադրական փիար այցերից առաջ հարկավոր է նախ կարգի բերել ուղեկցող անձնակազմին, քանի որ բանակի հանդեպ հարգանքը սկսվում է հենց արտաքին տեսքից և կանոնների անվերապահ հարգումից: