Ուղիղ եթեր
Ներքին 59 րոպե առաջ - 19:24 16-09-2026

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ․ Սրբուհի Գալյան

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ՝ գործընկերների հետ քննարկումներն ամփոփելուց հետո։

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նաև ընդգծել է, որ օրերս համացանցում տարածված տեքստը որևէ փուլում Արդարադատության նախարարության մշակած աշխատանքային կամ սևագիր տարբերակ չի եղել։

«Նախ ուզում եմ ասել, որ այն տեքստը, որը հրապարակվել էր, որևէ աղերս չունի Արդարադատության նախարարության կողմից մշակված տեքստի հետ և երբևէ չի հանդիսացել որևէ աշխատանքային կամ սևագիր տարբերակ, որովհետև մեր հերքումը կրկին փորձ արվեց մանիպուլացնել՝ ասելով, որ գուցե որևէ ժամանակահատվածում դա հանդիսացել է աշխատանքային տարբերակ։ Ո՛չ, երբևէ նմանաբովանդակ տեքստ Սահմանադրության նախագծի քննարկման առարկա չի դարձվել»,- ասել է Գալյանը։

Նախարարի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագծի իրական տեքստը նախատեսվում է հրապարակել մինչև 2026 թվականի ավարտը։

«Ինչ վերաբերում է իրական նախագծի հրապարակմանը, ապա մենք նախատեսում ենք, որ մինչև տարեվերջ, գործընկերների հետ քննարկումներն ամփոփելուց հետո, այդ տեքստը պետք է հրապարակվի»,- նշել է նա։

Գալյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ևս հնարավորություն ունեն ներգրավվելու Սահմանադրության վերաբերյալ քննարկումներին՝ այդ թվում մինչև ամբողջական տեքստի հրապարակումը։

«Ինչ վերաբերում է ընդդիմության ներգրավվածությանը տեքստի քննարկմանը, ապա մենք նույնիսկ մինչև տեքստի հրապարակումը բաց և պատրաստ ենք քննարկել այն դրույթները, որոնք քննարկվել են կամ քննարկվելու են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից։ Ինչո՞ւ, որովհետև ընդդիմությունը տեղեր ունի Սահմանադրական բարեփոխումների խորհրդում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ նախագծի հրապարակումից հետո նախատեսվում է անցնել լայն հանրային հաղորդակցության և քննարկումների փուլին։

«Տեքստի հրապարակումից հետո մենք ձեռնամուխ ենք լինելու հանրային կոմունիկացիային և, ըստ էության, այդ տեքստի շրջանառմանը։ Հավաքելու ենք բոլոր շահագրգիռ մարմինների և անձանց կարծիքները, քննարկելու դրանք և մտածելու, թե ինչ ուղղությամբ է արդյոք փոփոխվելու Սահմանադրության տեքստը կամ չի փոփոխվելու»,- նշել է Գալյանը։

Արդարադատության նախարարը շեշտել է, որ հրապարակվելիք փաստաթուղթը վերջնական տարբերակ չի լինելու։

«Այն տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական տեքստ, այլ լինելու է նախագիծ, որը անցնելու է շրջանառության համապատասխան փուլերով։ Եվ այդ փուլերում ես ևս չեմ բացառում, եթե ցանկություն լինի, մեր ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել տեքստը, միասին աշխատել»,- ասել է Գալյանը։

Սեպտեմբերի 8-ին համացանցում տարածվել էր մի փաստաթուղթ, որը որոշ օգտատերեր ներկայացրել էին որպես Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծ։ Նույն օրը Արդարադատության նախարարությունը պաշտոնապես հերքել էր տեղեկությունը՝ հայտարարելով, որ տարածվող փաստաթուղթը նոր Սահմանադրության նախագիծը չէ, իսկ դրա վերաբերյալ տեղեկությունը կեղծ է։