Ներքին Միտք 58 րոպե առաջ - 14:00 13-09-2026

Ընդդիմությունը նոր առաքելություն է ստանձնում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ընդդիմության առաքելության հետ կապված տարբեր ընկալումներ կան։ Ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե նրա միակ գործը իշխանություններին քննադատելն է։ Պարզվում է՝ սրանից ավելի տարօրինակ ձևակերպումներ էլ կան ընդդիմության մասին։

«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին։ Ընդդիմությունը ստացել է համարյա թե 2 անգամ ավելի շատ ձայն։ Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է»,- սեպտեմբերի 11-ին ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Քաղաքական գործչի այս գրառման մեջ հատկապես ուշագրավ է «հուսահատ հայրենակիցներ» ձևակերպումը։ Սա իսկապես նորություն է։

Հուսահատությունն «ի մահ հիվանդություն» է։ Այսպես էր կարծում դանիացի հայտնի փիլիսոփա, հոգեբան Սյորեն Կիերկեգորը։ Ի տարբերություն ֆիզիկական հիվանդությունների, որոնք ավարտվում են մահով, հուսահատությունն այնպիսի վիճակ է, երբ մարդը չի կարողանում ո՛չ լիարժեք ապրել, ո՛չ էլ մեռնել։ Դա հոգու հավերժական մահն է, երբ մարդը կորցնում է իր կապը սեփական «Ես»-ի և Աստծո հետ։ Ըստ Կիերկեգորի՝ հուսահատությունը լինում է անգիտակից, գիտակցված և համառ։ Անգիտակից հուսահատությունն այն վիճակն է, երբ մարդը չի էլ գիտակցում, որ ինքը հուսահատության մեջ է։ Նա ապրում է սովորական, մակերեսային կյանքով, առանց հավատի, չի էլ հասկանում, որ իր «եսը» կորցրել է։ Գիտակցված հուսահատության մեջ մարդը դժգոհ է իրենից, ցանկանում է ազատվել իր ինքնությունից և դառնալ մեկ ուրիշը։ Համառ հուսահատության մեջ մարդը հպարտորեն կառչում է իր տառապանքից և հրաժարվում է ընդունել Աստծուն, Աստվածային ողորմությունը։

Տակավին պարզ չէ, թե Նարեկ Կարապետյանն ինչ նկատի ուներ. հայրենակիցները ի՞նչ տիպի հուսահատված են եղել՝ անգիտակի՞ց, գիտակցվա՞ծ, թե՞ համառ։ Սակայն ակնարկը պարզ է։ Նա, հավանաբար, ակնարկում է, որ մինչև «Ուժեղ Հայաստանի» ասպարեզ գալը՝ մարդիկ հուսահատված են եղել։ Իսկ նրա հայտնվելուց հետո հույս է արթնացել մարդկանց մեջ, մարդիկ լցվել են հույսով, որ ՔՊ-ն հեռանալու է։ Այս հույսն ապրեցնում է ժողովրդին։ Ավելին՝ այդ հույսն առարկայական դարձնելու համար էլ անում է համեմատություն 2021-ի ընտրությունների հետ և ցույց տալիս, որ մարդկանց հույսը հիմնված է տրամաբանության ու թվաբանության վրա։ Այսինքն՝ ցույց է տալիս, որ եթե նույն դինամիկան շարունակվի, ապա հաջորդ ընտրություններում, հավանաբար, ՔՊ-ն կպարտվի և ընդդիմություն կդառնա։

Այսպիսով՝ կարելի է ասել, որ Նարեկ Կարապետյանը նոր առաքելություն է հաղորդել ընդդիմությանը։ Դա հույս արթնացնելն է, ժողովրդին հուսահատության վիճակից դուրս բերելը, Կիերկեգորի ասած՝ «ի մահ հիվանդությունը» բուժելը, մեռնելուց փրկելը, կյանք տալը։ Նրանց ջանքերով մարդիկ հույսով կլցվեն և այլևս չեն տառապի հուսահատության մեջ, քանի որ ընդդիմության նիշան զբաղեցնող «Ուժեղ Հայաստանը» և 3 այլ ընդդիմադիր ուժեր 2026-ին լավ ցուցանիշ են գրանցել և հույս արթնացրել, որ այս տեմպով շարունակվելու պարագայում ՔՊ-ն մի օր հեռանալու է։

Իսկ մինչ այդ ցանկալի օրը՝ ընդդիմադիր գործիչներն այսպիսի գրառումներով պարբերաբար կփորձեն հայտնաբերել հուսահատ հայրենակիցներին և հասցեական հուսադրել, որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ն կպարտվի և ընդդիմություն կդառնա։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում