Ներքին 2 ժամ առաջ - 09:50 05-09-2026

Գնդապետն ազատվել է նաև տնային կալանքից

«Հրապարակ» թերթը գրում է․ « Վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։
Հիշեցնենք՝ գնդապետ Էդիկ Մալոյանը հուլիսի 3-ին երկու ամսով կալանավորվել էր։ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալին մեղադրում են Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու, ինչպես նաև 46-427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելու մեջ։

Էդիկ Մալոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։ Մալոյանի գործով անցնում է նաև ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը, որը ևս ի սկզբանե կալանավորվել էր։
Էդիկ Մալոյանի պաշտպան Արտակ Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 1-ին դատարանը՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, Մալոյանին «հանել է» նաեւ տնային կալանքից՝ նրա նկատմամբ սահմանելով վարչական հսկողություն, 3 միլիոն դրամ գրավ և բացակայելու արգելք։

«Մեր խնդիրը կայանում էր նրանում, որ րոպե առաջ ազատազրկման վայրից Մալոյանը դուրս գար։ Եվ հաշվի առնելով ՀՀ-ում գործող ներկայիս իրավական համակարգը, որի վերաբերյալ, կարծում եմ, մենք բոլորս մեր դիրքորոշումն արդեն ձևավորել ենք, և հատկապես այն հանգամանքը, որ նմանատիպ գործերն իրավունքի տիրույթում չեն դիտարկվում, մեզ համար փոքրիկ հաղթանակ էր նաև «տնային կալանք» խափանման միջոցի փոփոխությունը։ Հաշվի առնելով, որ մեծ ակնկալիք չունեինք՝ այն հանգամանքով պայմանավորված, որ խափանման միջոցի բողոքարկումը վերապահված էր Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին, որը ունի շատ ցածր վարկանիշ, բայց, բարեբախտաբար, տիկին Մաթևոսյանն այս անգամ արդարամիտ գտնվեց այնքանով, որքանով կալանքը փոխարինեց տնային կալանքով։ Բայց տնային կալանքից 17 օր անց մենք ունեցանք տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն, որը քննարկվել է սեպտեմբերի 1-ին Մասիս Մելքոնյանի կողմից, ում կողմից էլ նախնական կալանքի որոշում էր կայացվել։ Մելքոնյանը վերացրեց տնային կալանքը՝ կիրառելով վարչական հսկողություն՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով»։

Անդրադառնալով Ջավադյանի հետ առնչությանը և նրա խափանման միջոցին՝ փաստաբանն ասաց, որ, որքան իրեն հայտնի է, նա գտնվում է տնային կալանքի տակ։ Հարցին, թե Ջավադյանը ցուցմունք տվե՞լ է իր պաշտպանյալի դեմ, և ընդհանրապես՝ որտեղ և ինչ տեղեկություն հրապարակելու մասին է խոսքը, փաստաբանն ասաց․ «Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածել է այնքան, որքան թույլատրելի է՝ հաշվի առնելով գործի հանգամանքները։ Պաշտպանական կողմը նախազգուշացված է պետական գաղտնիքի և քրեական վարույթի նախաքննության վերաբերյալ, և այս պահի դրությամբ որևէ հավելյալ տեղեկատվություն պարզապես կաշկանդված ենք տրամադրել։ Աստծո կամոք, արդարադատության պայմաններում հաջողություն արձանագրելու դեպքում մենք հրավիրելու ենք մամուլի ասուլիս և անդրադառնալու ենք այդ քրեական վարույթին, և ներկայացնելու ենք՝ ինչը որտեղից է սկսվել։ Չեմ կարող որևէ մանրամասնություն ներկայացնել»:

Ամենից շատ դիտված