Ներքին 10 րոպե առաջ - 18:09 04-09-2026

Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման շուրջ քննարկումները վաղուց դուրս են եկել զուտ իրավական բարեփոխումների տիրույթից։ Բաքվից հնչող բացահայտ ճնշումներն ու գործադիր իշխանության ներկայացրած նոր՝ դատավորներին ԺՊ դարձնելու վիճահարույց նախագիծը վկայում են համակարգային լրջագույն վտանգների մասին։

Թեմայի իրավաքաղաքական խորքային շերտերը հասկանալու համար Oragir.News-ը զրուցել է սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանի հետ։

Գոհար Մելոյանն ընդգծում է, որ գործող իշխանությունները դեռ 2018 թվականից իրենց օրակարգում ունեն սահմանադրական փոփոխությունների հարցը, սակայն այսօրվա շեշտադրումները լիովին այլ ծագում ունեն․

«Այդ պահանջը Ալիևյան պահանջով է։ Իրենց պահանջը մեր Սահմանադրության նախաբանից մեր Անկախության հռչակագրին հղման հեռացումն է։ Հենց դրա համար էլ սահմանադրական փոփոխությունները վերաճեցին նոր Սահմանադրության ընդունման օրակարգի, որովհետև մեր Սահմանադրության նախաբանը հնարավոր է փոփոխել միայն ու միայն բոլորովին նոր Սահմանադրության ընդունմամբ»,- ասում է Մելոյանը։

Փորձագետի փոխանցմամբ՝ վերջերս Արդարադատության նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում «մի փոքր փակագծեր բացեց»՝ ակնարկելով սպասվող զարգացումների մասին։ Սակայն, ըստ Մելոյանի, իշխանության այս գործընթացը ուղեկցվում է բացահայտ ձախողումներով և պետական միջոցների վատնմամբ։

«Այս իշխանությունն արդեն երկու անգամ «չակերտավոր» հաջողել է ձևավորել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ։ Ունի ընդունած իրավական ակտ, վարչապետի որոշում, որը սահմանում է ժամկետներ, աշխատակարգ ու սկզբունքներ, բայց նրանք հաջողել են մի քանի անգամ հենց իրենց իսկ սահմանած ժամկետները խախտել։ Վերջին փոփոխությամբ՝ արդեն հուլիսի 30-ին պետք է ներկայացվեր նոր Սահմանադրության նախագիծը, իսկ մինչ այդ՝ հայեցակարգը։ Էլ չեմ խոսում այս տարիներին այս գործունեության վրա պետբյուջեից վատնված ֆինանսների և ծախսված ահռելի ռեսուրսի մասին»,- նշում է նա։

Մելոյանը շեշտում է, որ արդեն 8 տարի օրակարգում ունենալով սահմանադրական փոփոխությունները, իշխանությունը հանրությանը գեթ մեկ թղթին դրված հոդված չի ներկայացրել, որպեսզի մարդիկ հասկանան, թե իրականում ինչ են պատրաստվում անել։

Որն է դատական համակարգի թիրախավորումը և դատավորներին ԺՊ դարձնելու իրական նպատակը Անդրադառնալով դատական իշխանության շուրջ ստեղծված աղմուկին՝ սահմանադրագետը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում երկրում արդեն ներդրվեց վեթինգի (բարեվարքության ստուգման) ինստիտուտը, որն անցավ լայն ու բազմաշերտ քննարկումների և քննադատությունների միջով։ Այդ վեթինգը, ի վերջո, տեղի ունեցավ, և պատկերն ավելի քան խոսուն է։

«Անձամբ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի Ազգային ժողովի ամբիոնից, հաշվետվության տեսքով, հայտարարեց, որ իրենք են վերանշանակել դատավորների 60 տոկոսին և ձևավորել բոլորովին նոր՝ Հակակոռուպցիոն դատարանը։ Սա ըստ էության նշանակում է, որ դատական իշխանությունը մեծապես հենց իրենց իսկ բարեփոխածն է։ Բայց հիմա նրանք կրկին սկսել են թիրախավորել այդ նույն դատարանները»,- նկատեց սահմանադրագետը։

Այս համատեքստում, բոլոր գործող դատավորներին ԺՊ սարքելու և նրանց նորից վերանշանակման տանելու ծրագիրը ստանում է միանգամայն այլ՝ վտանգավոր տրամաբանություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան