Ներքին 44 րոպե առաջ - 18:04 29-08-2026

Նախագահ Խաչատուրյանը կորցրե՞լ է հիշողությունը, թե՞ աչքերը փակ են

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Քննիչները վկաներին կամ կասկածյալներին քննելուց առաջ հարցնում են. «Հիշողության հետ խնդիր ունե՞ք»։ Նույնպիսի հարց պետք է տալ քաղաքական, պետական գործիչներին՝ նախքան նրանց քաղաքական պաշտոն վստահելը։

«Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Երրորդ հանրապետության ուղենշային գաղափարախոսությունը «Երրորդ ուժի բացառումն» էր, որից ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ հրաժարվեց. այս պատասխանը մինչև օրս տրված չէ»,- ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 28-ին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում ունեցած ելույթում։

Ինչո՞ւ է նախագահ Խաչատուրյանն այս մասին հիշեցնում, և ո՞վ պետք է այս հարցին պատասխան տա։

«Երրորդ ուժի բացառման օրենքը» վերնագրով հոդվածը գրել է Ռաֆայել Իշխանյանը 1989-ին։ Այդ շրջանում Հայաստանի անկախության հասնելու մի քանի ուղիներ էին քննարկվում հանրային խոսույթում։ Անկախականները հանդիմանում էին անվանի մտավորականներին, որ վերջիններս անկախության պայքարին չեն ներգրավվում, թե ժողովրդի սերուցքն անկախության պայքարին ներգրավվելուց փոքրոգաբար խույս է տալիս։ Այս քննադատությունների ազդեցության տակ է գրվել այս հոդվածը, որտեղ Իշխանյանը շարադրել է անկախության պայքարի մասին իր ուրույն պատկերացումները՝ ապացուցելով, որ ինքը ևս անկախության ջատագով է։

Հեղինակն ուղիղ ասում է, որ հայերը պետք է մտածեն անկախության մասին։ Նա ապացուցում է, որ երրորդ ուժին, տվյալ դեպքում Ռուսաստանին, ապավինելը, նրանից կախված մնալը ազգային ողբերգությունների պատճառն է։

ՀՀ իշխանությունները «Երրորդ ուժի բացառման օրենքով» են առաջնորդվել 1989-1991 թվականներին։ Իշխանյանի օրենքն այդ ժամանակ ուղենիշ է եղել։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանն անկախացավ, Վահագն Խաչատուրյանն ու շարժման մասնակիցները կանգնեցին անկախության դիրքերում, և ինչ-որ առումով ուղենշային գաղափարախոսությունը դարձավ «Երրորդ ուժի բացառումը»։ ՀՀ իշխանությունն անկախ արտաքին քաղաքականություն էր վարում, քանի որ երրորդ ուժը չկար. ԽՍՀՄ-ը պարտվել էր Սառը պատերազմում և փլուզվել։ Պատկերավոր ասած՝ Սովետը մեռել էր, չկար։

Քաղաքական սկսնակն էլ գիտի, որ երրորդ ուժի կիրառման ուժային լծակը երկրում օտար զինված ուժերի ներկայությունն է։ Հայաստանն անկախացել էր 1991-ին, բայց երկրում դեռ կային ռուսական զորքեր։ Երրորդ ուժի բացառման լծակը վերացնելու կարևոր քայլը Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերումն էր։ Սա հասկանում էին բոլոր քաղաքական գործիչները։

Վահագն Խաչատուրյանը 1992-1996-ին Երևանի քաղաքապետն էր, 1995-ից՝ ԱԺ պատգամավոր։ Ենթադրելի է, որ նա պետք է քաջատեղյակ լիներ 1994-ի Բիշքեկի բանակցային գործընթացին, որտեղ կողմերն ու միջնորդները բազմակողմ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ զինադադար հաստատելուց հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից դուրս են գալու ռուսական զորքերը։ Արցախից դուրս եկան, Ադրբեջանից դուրս եկան, բացի Գաբալայից, իսկ Հայաստանից դուրս չեկան։ Հայաստանը խախտեց այս պայմանավորվածությունը, և ՀՀ-ում տեղակայվեց ռուսական ռազմակայան։ 1995 թվականի մարտի 16-ին ստորագրվեց ՀՀ-ում ռուսական ռազմակայան տեղակայելու մասին պայմանագիրը, որի հայերեն տեքստը չկա, հետևաբար՝ այն ապօրինի է։

Վահագն Խաչատուրյանը չի հիշո՞ւմ այս մասին, ինչո՞ւ է հարցնում, թե ո՞վ և ե՞րբ հրաժարվեց Երրորդ ուժի բացառման օրենքից։

Սառը պատերազմում Արևմուտքի հաղթանակից հետո խորհրդային բռնազավթումից ազատագրվել էին բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։ Այս առումով 1995-ի մարտի 16-ին Մոսկվան ռևանշ արեց, վերանվաճեց Հայաստանը, վերահաստատեց իր ռազմական ներկայությունն ու ազդեցությունը Հայաստանում։ Եվ այս լծակով էլ Երրորդ ուժն ազդում է ՀՀ քաղաքականության վրա։

1998-ին այս ռևանշն ավելի խորացավ, այսինքն՝ ռուսական ազդեցությունն ավելի խորացավ։ ՀՀ իշխանությունը ռուսներին նվիրեց կարևոր ենթակառուցվածքները, ՌԴ-ի հետ ստորագրվեցին ստորացուցիչ պայմանագրեր։ Այս գիծը 2018 թվականի հեղափոխությունից հետո էլ ավելի խորացավ։ Նիկոլ Փաշինյանն է 2025 թվականի հունիսի 19-ին խոստովանել, որ ֆորպոստի վարչապետ է եղել, այսինքն՝ գործել է «Երրորդ ուժի բացառման օրենքի» դեմ, անկախության ուղենիշին հակառակ։ Նա է 2020-ի պատերազմից առաջ ու պատերազմի ժամանակ մեժել Արևմուտքի մեկնած աջակցության ձեռքն ու Արցախի ճակատագիրը որոշելու իրավունքը նվիրել Մոսկվային։

Կարճ ասած՝ «Երրորդ ուժի բացառման օրենքն» արհամարհելու պատմությունը շատ թափանցիկ է։ Էրքյուլ Պուարոյի կարիքը չկա, որ բացահայտի, թե ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ հրաժարվեց այդ ուղենիշից։ Աչք ունեցողները տեսել են, հիշողության հետ խնդիր չունեցողները հիշում են այդ ամենը։

Հետևաբար՝ Վահագն Խաչատուրյանը կարող է բացել աչքերը, նայել իր շուրջն ու առանց վախենալու՝ պատմել, թե ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ հրաժարվեց անկախության ուղենիշից։ Եթե նա նրանց նման հրաժարվողը չէ, ապա իր իշխանությունն օգտագործելով, կարող է նաև հանդես գալ այդ ուղենիշին վերադառնալու նախաձեռնություններով։ Եվ եթե նա իսկապես հարգում է լուսահոգի Ռաֆայել Իշխանյանի հիշատակը, ապա թող խոսի դեսովետիզացման, այսինքն՝ տեղանունների հայացման, հայերենի իրավունքների պաշտպանության մասին, իր թիմակիցներին թող խնդրի, որ գրական հայերեն խոսեն քաղաքական ամբիոններից, քաղաքական խոսքում «է» օժանդակ բայի փոխարեն չասեն «ա», չօգտագործեն փողոցային, օտար բառեր։ Այս դեպքում կարող ենք ասել, որ նա, ի տարբերություն անկախության դեմ գործողների, հավատարիմ է Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» գաղափարախոսությանը։


Թաթուլ Մկրտչյան

Ձեզ գուցե հետաքրքրի