Ներքին 1 ամիս առաջ - 18:00 19-08-2026

Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի բակերում անվերահսկելի տեղադրված արգելափակոցները (շլագբաումները) վաղուց դուրս են եկել «հարմարավետության» սահմաններից և վերածվել քաղաքային անարխիայի ու անվտանգության լուրջ սպառնալիքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ խնդիրն ամենասուրն արտահայտված է Փոքր Կենտրոնում։

Նրա խոսքով՝ բակերի վիճակը էլ ավելի վատացավ, երբ քաղաքում ավելացան կարմիր գծերն ու կտրուկ թանկացան կայանատեղիները։

«Կենտրոնն ամենաշատն է տուժել, քանի որ այստեղ են կենտրոնացած բանկերը, նախարարություններն ու խանութները։ Դրսից եկող հազարավոր մեքենաները լցվում են բնակելի գոտիներ, իսկ բնակիչները, ճարահատյալ փորձելով ազատել իրենց տարածքը, բակում տեղադրում են 5-ից մինչև 7 շլագբաում»,-ասաց Մնացականյանը։

Խնդրի հաջորդ կարևոր շերտը քաղաքի տրանսպորտային ուղևորահոսքերի և առաքումների սխալ կառավարումն է։ Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ Երևանի ավագանին ընդունեց կիսատ և չհաշվարկված որոշում, որը խանութների տրաֆիկը թեթևացնելու փոխարեն կրկնապատկեց այն։

«Մենք ասում էինք՝ արգելենք ցերեկային առաքումները, բայց ավագանին կարգը սխալ սահմանեց. արգելեցին միայն մեծ բեռնատարները։ Արդյունքում՝ խանութները 50 հատ մեծ «Գազելի» տեղը գնեցին 100 հատ փոքր «բուդկա» մեքենաներ։ Հիմա պարեկներն էլ դրանց վրա ուշադրություն չեն դարձնում։ Ստացվեց այնպես, որ եղած մեծ մեքենաներն էլ հետ եկան, այդ 100 նոր փոքրերն էլ ավելացան։
Սովորական քաղաքացին այսօր ցերեկով չի կարողանում իր տան համար հեռուստացույց կամ բազմոց բերել, ասում են՝ առաքումն արգելված է, բանվորները պիտի գիշերը գան։ Բայց խանութների հսկա ցանցերը, որոնցից ամեն մեկն ունի 150-ից 250 մեքենա, օրը ցերեկով տասնյակ մեքենաներով մոտենում են նույն խանութին՝ մեկը կաթնամթերք է բերում, մյուսը՝ մսամթերք, երրորդը՝ քաղցրավենիք։ Սա աննկարագրելի տրաֆիկ է ստեղծում բակերում»,- խնդիրը ներկայացրեց Մնացականյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ սխալի պատճառով բակերը վերածվել են բեռնաթափման կետերի, երեխաներն այլևս չեն կարողանում ազատ ու անվտանգ խաղալ, իսկ կոմունալ ու սոցիալական ծառայությունների աշխատանքը կաթվածահար է եղել։

«Մինչև բակերը հատուկ իրավական ստատուս չունենան, խնդիրը չի լուծվելու։ Մենք իրավականորեն կարգավորել ենք փողոցը, մայթը, շենքը, բայց բակերի իրավական կարգավիճակը շատ թույլ է։ Պետք է ընդունվեն բակերի մասին առանձին հիմնավոր նորմատիվ ակտեր»,- շեշտում է Վիկտոր Մնացականյանը։ Կարևոր է սահմանել նաև խիստ ֆինանսական պատասխանատվություն այն համատիրությունների համար, որոնք կխախտեն այս կարգը։

«Շենքի բնակիչը պետք է հարակից փողոցում ունենա անվճար կամ արտոնյալ կայանման իրավունք, որպեսզի մեքենան բակ չմտցնի։ Իսկ քաղաքը պետք է պարտավորություն վերցնի Կենտրոնում շտապ կառուցել առնվազն 10 մեծ ստորգետնյա և վերգետնյա ավտոկանգառ՝ մինչև 5000 մեքենայի տարողությամբ»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր