Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 18:00 12-08-2026

Ինչու են բանակում դժբախտ դեպքեր լինում, և ովքեր են պատասխանատու

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները պարբերաբար բողոքի ցույցեր են անում, պահանջում՝ բացահայտել մեղավորներին։ Սա շատ ցավոտ թեմա է։ Իշխանությունները չեն կարողանում պատասխանել ծնողների բարձրացրած հարցերին։

Այո, ադրբեջանական կրակոցներից ոչ ոք չի զոհվում։ Սակայն բանակում մահերը շատ են։ 2026-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում բանակում մահվան 11 դեպք է արձանագրվել, որից 5-ը ժամկետային զինծառայողներ են, մեկը՝ պահեստազորային, իսկ 5-ը՝ պայմանագրային զինծառայողներ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում օգոստոսի 11-ին հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նրա խոսքով՝ նշված 11 դեպքերից 2-ը հիվանդության, 1-ը՝ ականի պայթյունի, 2-ը՝ ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ ինքնասպանության, իսկ 2-ը՝ սպանության հետևանքով են։

Հարցին, թե ինչո՞ւ վերջին շրջանում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին հաղորդագրություններ չեն տարածում, խոսնակն ասել է. «Հաշվի առնելով որոշ դեպքերի առանձնահատկությունները, Պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում դրանց վերաբերյալ հաղորդագրություններ տարածելուց, որովհետև այդտեղ կան նաև գնահատականների հարցեր»։

Ինչո՞ւ են շարունակվում բանակում մահերը, և ինչո՞ւ որոշ դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվում։

Դիտարկենք բերված մահերի պատճառները։ Անհասկանալի է, թե ինչպես կարող է մեր դարում խաղաղ պայմաններում զինվորը հիվանդությունից մահանալ բանակում։ Եթե զինծառայողը առողջական խնդիրներով է զորակոչվել, ապա մեղավորը ռազմաբժշկական հանձնաժողովն է։ Եթե ընթացքում է հիվանդացել և ժամանակին չի հոսպիտալացվել, ապա մեղավորը հրամանատարն է։ Հանձնաժողովի նախագահը կամ հրամանատարը պատասխանատվության ենթարկվե՞լ են այս դեպքերով։

Ականի վրա պայթելու դեպքը մեր բանակի փնթիության ցուցիչն է։ Զավթված տարածք հետ չի բերվել։ Ուստի՝ այդ ականը մեր տեղադրածն է։ Եվ դրա վրա պայթելը, ենթադրաբար, հրամանատարության անպատասխանատու վերաբերմունքի վկայությունն է։

Ինքնասպանությունը մահացու մեղք է, ամենամեծ ու աններելի մեղքն Աստծո հանդեպ։ Բանակում գնդերեցների ներկայությունը ողջախոհություն ու մարդասիրություն էր ներշնչում զինվորներին, ու այդպիսի մահացու մեղքերի քանակը քիչ էր։ Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավի շրջանակում բանակից հեռացրել են հոգևորականներին։ Չկա մեկը, ում հետ ինքնասպանության մասին մտածող զինվորը կարող է կիսվել, մխիթարվել, խոստովանել, հաղորդություն ստանալ և հեռու պահվել մեղքից։

Ինքնասպանության հասցնելը ծանր հանցագործություն է։ Սակայն մարդն ինքնին չի կարող ինքնասպանության հասցնել, անհրաժեշտ է օբյեկտիվ հիմք։ Այսինքն՝ բանակում տիրող բարքերն են օբյեկտիվորեն դրդում ինքնասպանության։ Այսինքն՝ պաշտպանության քաղաքականություն որոշողները կարող են արմատավորել այնպիսի բարքեր, որ հնարավոր չլինի ինքնասպանության հասցնել։

Խնդիրը քննարկվել է նաև Կառավարության հուլիսի 30-ի նիստում, նշվել են պատճառները։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ բանակում ինքնասպանության 3 պատճառ կա։ «Պատճառներից մեկը՝ խաղադրույքներ կատարել, պարտքերի տակ ընկնել և պարտքը չկարողանալ փակել։ Երկրորդը՝ ընտանեկան կամ անձնական պրոբլեմները։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ՝ մարտական դիրքում հերթապահության ընթացքում քնելը։ Ասում են՝ դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են՝ քնելով։ Եթե դիրքապահը քնել է, նշանակում է վտանգի տակ է դրել մյուսների կյանքը։ Եվ ով դիրքապահության ժամանակ քնել է, նրան զինվորները արհամարհանքի և մեկուսացման են ենթարկում»։

Առաջին երկու պատճառները դաստիարակության խնդիր են։ ՀՀ իշխանությունները դաստիարակության հայեցակարգ ունե՞ն, այդտեղ ի՞նչ է գրված մոլեխաղերի, պարտքերի, պատվի մասին։ Երրորդը զուտ բանակային բարքերին է առնչվում։ Հրամանատարները դիրքում քնելու թեման կարո՞ղ են կարգավորել այնպես, որ դիրքում քնած զինվորին ինքնասպանության չհասցնեն։

Բնական է՝ բանակում խաղաղ պայմաններում մահերը օբյեկտիվ սոցիալական դժգոհություն են առաջացնում իշխանությունների հանդեպ։ Սա նկատի ունենալով՝ ՔՊ-ական իշխանությունը երբեմն լռում է դժբախտ դեպքերի մասին, որ ՔՊ-ի վարկանիշը չընկնի։ Իսկ պատասխանատուների առաջին շարքում ԿԳՄՍՆ-ն է, որի անուշադրության հետևանքով տղաները նորմալ դաստիարակություն չեն ստանում, վատ բարքեր են բերում բանակ։ Հաջորդ շարքում բանակի հրամանատարությունն է, որի արմատավորած վայրենի բարքերը երբեմն դժբախտ դեպքերի պատճառ են դառնում։ Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանն է, որի անպատասխանատու քաղաքականության հետևանքով զինվորների հոգիներն անպաշտպան են մնացել։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին