Մամուլ 2 ամիս առաջ - 08:45 04-08-2026

Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարկեշտ իրավագետների մեծ մասը, միանգամայն սպասելիորեն, բուռն արձագանքեց տեղեկությանը, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը ծանուցվել է, որ Երևանի պետական համալսարանը նրա հետ չի երկարացնի աշխատանքային պայմանագիրը. նա կազատվի դասախոսի աշխատանքից:

Շատերն իշխանությունների այդ քայլը բնորոշում են որպես խայտառակություն: Ու դժվար է նրանց հետ չհամաձայնելը: Ի վերջո, խոսքը ԵՊՀ իրավաբանականի իրական լեգենդ, խորհրդանիշ ընկալվող պրոֆեսորի մասին է, որի գիտամանկավարժական ուղին կես դարից ավելի է: Ճանաչված գիտնականի ու հարգված դասախոսի մասին է, որին ցանկացած նորմալ համալսարան կցանկանար տեսնել իր իրավագիտության ֆակուլտետում, պատիվ կհամարեր նման մասնագետ ունենալը:

Ու բոլորին ակնհայտ է, որ Գագիկ Ղազինյանի հանդեպ նման մանրախնդիր քայլ կատարվել է զուտ քաղաքական պատճառներով: Նրա որդին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից է:

Բայց հարցը նույնիսկ զուտ Գագիկ Ղազինյանի անձը չէ: Ավելի ճիշտ, ընդհանրապես անձերի հարցը չէ հիմնականը: Մանավանդ, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքական շարժառիթներով մարդուն հեռացնում են դասախոսական աշխատանքից, չեն երկարաձգում պայմանագիրը: Օրինակներ էլի կարելի է բերել՝ հիշելով թեկուզ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ կատարվածը: Անգամ մի ամբողջ ամբիոն լուծարեցին (արտասահմանյան գրականության), քանի որ… ամբիոնի վարիչը ընդդիմադիր հայացքներ ունի: Ու միայն «Մայր բուհը» չէ: Առհասարակ, բուհական համակարգը, հատկապես վերջին՝ ՔՊ իշխանության ժամանակշրջանում, դարձել է գերքաղաքականացված, բուհերում դասախոսելու կամ աշխատելու «ներքին կանոն» է դարձել Փաշինյանի հանդեպ լոյալություն ցուցադրելը, առնվազն չքննադատելը (ինչպես կարելի է նման իշխանությանը քննադատել):

Նկատենք. այս ամենն արվում է մի գործչի կողմից, որը, երբ ընդդիմադիր էր, անդադար խոսում էր բուհերի կուսակցականացվածությունից՝ նկատի ունենալով այն ժամանակվա իշխող կուսակցությանը: Պարզվում է՝ ՔՊ-ն ու Փաշինյանը ոչ թե այդ երևույթից էին դժգոհ, ոչ թե բուն երևույթն էին անընդունելի համարում, այլ այն, որ այդ ամենը իրենք չեն անում:

Հիմա անում են: Բայց բուհերի քաղաքականացումը, իսկ հիմա արդեն՝ գերքաղաքականացումը փակուղի է: Դա ոչ մի տեղ չի տանելու: Ու արդյունք էլ չի տալու: Հանրագումարում մնալու է միայն ամոթը այն բանի համար, որ նման հետամնաց հալածանքներ են եղել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր