Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:30 03-08-2026

Կարա՞գ, թե՞ բուսական ճարպ․ ինչպես պարզել պաղպաղակի իրական որակը խանութում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ամռանն ամենաշատ վաճառվող և սպառվող սննդատեսակներից մեկը պաղպաղակն է։ Սակայն, արդյոք սիրված այս ամառային քաղցրավենիքը մի՞շտ է համապատասխանում սահմանված նորմերին, և արդյոք արտադրողները ազնի՞վ են սպառողի հետ։

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Oragir.News-ին հայտնում են, որ գոյություն ունեն պաղպաղակի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են օգտագործվող կաթնայուղի զանգվածային մասի տոկոսային հարաբերակցությամբ։

Առանձնացվում են պաղպաղակի հետևյալ տեսակները՝ կաթնային պաղպաղակ - մինչև 7.5% կաթնայուղ, սերուցքային պաղպաղակ՝ 8-11.5% կաթնայուղ, պլոմբիր՝ առնվազն 12% կաթնայուղ, թթվակաթնային պաղպաղակ՝ մինչև 7.5% կաթնայուղ, կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակ (կաթնային և բուսական ճարպերի խառնուրդ)- մինչև 12% կաթնայուղ։ ՍԱՏՄ-ն նշում է, որ կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրությանը։

Իրական դասական պաղպաղակը պետք է պարունակի միայն կաթ, սերուցք, շաքար, կարագ և բնական հավելումներ։ Եթե արտադրանքի անվանման մեջ նշված է միայն «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» կամ «թթվակաթնային», ապա այն չպետք է պարունակի բուսական ճարպեր։

Իսկ ինչպե՞ս որոշել պաղպաղակի որակը խանութում: Նախ՝ հարկավոր է ուշադրություն դարձնել ձևին ու կառուցվածքին. պաղպաղակը չպետք է լինի ձևափոխված։ Եթե այն կորցրել է իր ձևը, նշանակում է՝ պահպանման ջերմաստիճանային ռեժիմը խախտվել է։ Սառցե բյուրեղների առկայությունն արդեն ազդանշան է. եթե մակերեսին կամ ներսում կան սառցե բյուրեղներ, դա վկայում է կրկնակի սառեցման մասին։

Գույնը կարևոր է. որակյալ պաղպաղակը պետք է ունենա միատեսակ գույն։ Գույնի երանգը կախված է ճարպայնությունից և հավելումներից։ Չափազանց վառ գույները կարող են վկայել արհեստական ներկանյութերի օգտագործման մասին։ Եվ, իհարկե, պետք է ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետին։

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի խոսքով՝ շուկայում պատկերը զգալիորեն բարելավվել է:

«Անցած տարվա համեմատ այս տարի շատ լավ վիճակ է, անցած տարի շատ կասեցրեցին, կաթնայուղի փոխարինիչը շատ էին չարաշահել... հիմա շատ ավելի լավ արդյունքներ են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նա։

Տարանջատելով որակի և անվտանգության հասկացությունները, Հարությունյանն ասաց, որ որակի տարբեր հասկացություններ կան․ «Եթե պաղպաղակը կաթնայուղով է պատրաստված՝ բնականաբար ավելի լավ որակի է և գերադասելի է դրա ուտելը, եթե կաթնայուղի փոխարինիչով է պատրաստված՝ կաթնայուղով և փոխարինիչով՝ 50 տոկոսից ավելի չի կարող լինել, ուրեմն դրա որակը մի քիչ զիջում է, բայց դրա որակը դարձյալ անվտանգ է, այսինքն խնդիրը հենց էդտեղ է, մենք որակի մասին երբեք չենք խոսում, մենք խոսում ենք սննդի անվտանգության մասին»։

Իսկ սպառողին խորհուրդ է տրվում լինել առավել քան ուշադիր և պահանջկոտ: «Պաղպաղակ ընտրելիս մի՛ առաջնորդվեք միայն գեղեցիկ փաթեթավորմամբ կամ ցածր գնով. միշտ կարդացեք բաղադրությունը, ստուգեք ժամկետներն ու արտաքին տեսքը: Հիշեք, որ ձեր իրազեկվածությունը ձեր և ձեր ընտանիքի անվտանգության ամենահուսալի երաշխիքն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի