Ներքին 2 ամիս առաջ - 17:11 31-07-2026

The Guardian-ն անդրադարձել է Ավանի աղի հանքի ստորգետնյա կլինիկային

Թամարա Քալանթարյան

Լրագրող

The Guardian պարբերականն անդրադարձել է Հայաստանում՝ Երևանի Ավան վարչական շրջանի գետնի տակ 235 մետր խորության վրա գտնվող աղի հանքի կլինիկային, որտեղ ասթմայով և շնչառական այլ հիվանդություններով տառապող պացիենտներն օրական 6 ժամ են անցկացնում։

Բուժհաստատությունը հիմնադրվել է 1987 թվականին՝ մինչ օրս գործող հանքի ներսում։ Այն զբաղեցնում է շուրջ 4000 քառակուսի մետր տարածքով թունելներ, որոնք վերածվել են բուժման վայրերի՝ լուսավորված էլեկտրական լամպերի շարքերով։

Պատերի երկայնքով տեղադրված են փոքր մահճակալներ, որոնք ավելի շատ հիշեցնում են սառը, ռազմական բունկեր, քան հիվանդանոցային հիվանդասենյակ։

Պացիենտները հանգստանում են, քայլում թունելներով, բիլիարդ խաղում կամ շնչառական վարժություններ անում գետնի տակ գտնվելու ընթացքում։

1989 թվականից կենտրոնում աշխատող բժիշկ Անուշ Ոսկանյանը The Guardian-ին պատմել է, որ գաղափարն առաջացել է խորհրդային բժիշկների դիտարկումներից հետո, որոնք նկատել էին, որ աղի հանքափորները, չնայած իրենց աշխատանքային կյանքը գետնի տակ անցկացնելուն, հազվադեպ են տառապում շնչառական հիվանդություններով։

Դա բացատրվում է աղի հանքի միջավայրով, ինչպես նաև ալերգենների, աղտոտվածության, աղմուկի և ճառագայթման բացակայությամբ։

The Guardian-ը հայտնում է, որ տարեկան հազարավոր պացիենտներ են իջել Ավանի հանքը, որոնց մեծ մասն անվճար բուժօգնություն է ստացել Հայաստանի առողջապահական համակարգի շրջանակներում։

Այս տարվա սկզբին AFP-ն և Euronews-ը նույնպես անդրադարձել էին աղի հանքին, երբ պետական ֆինանսավորումը կրճատվել էր, և ընդամենը մոտ 50 պացիենտ էր ստացել անվճար բուժում։

The Guardian-ը հայտնում է, որ անցյալ տարի կենտրոնն ունեցել է 16 աշխատակից, իսկ այժմ ունի քաղաքացիական պայմանագրով աշխատող 4 և հաստիքային 2 աշխատակից։ Պետության աջակցությունը կազմում էր տարեկան մոտ 28 միլիոն դրամ՝ ի տարբերություն պացիենտների վճարներից ստացվող մոտ 4 միլիոն դրամ եկամտի, որը հազիվ ծածկում է ծախսերն ու աշխատավարձերը։

Բուժում անցնող պացիենտներից Ալվարդ Ալիխանյանը The Guardian-ին պատմել է, որ արդեն 10 տարի պարբերաբար բուժում է ստանում կլինիկայում, և որ բոլոր նմանատիպ կլինիկաները, որտեղ մարդիկ բուժվում էին, փակվել են։

Շնչառական թերապիայի մասնագետները սովորաբար սա համարում են լրացուցիչ թերապիա, այլ ոչ թե ավանդական բժշկության փոխարինող։

The Guardian-ը հավելում է, որ ապրիլին պաշտոնյաները քննարկում էին մասնավոր ներդրումներ ներգրավելու հնարավորությունը՝ կենտրոնը բաց պահելու համար, սակայն պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արվել։

Այնուամենայնիվ, վերելակն ամեն առավոտ դեռ աշխատում է՝ պացիենտների փոքր խմբերին իջեցնելով դեպի քարաղի այրերը, որտեղ չկա ոչ մի աղմուկ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը