Ներքին 3 շաբաթ առաջ - 16:25 30-07-2026

Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը․ Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին։ Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում են շուրջ 900 սկաուտներ՝ աշխարհի 26 երկրներից։

Նորին Սրբությունը, Հայրապետական իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակություն հայտնեց հայրենիքում աշխարհասփյուռ հայորդիների համախմբման, ինչպես նաև բանակումի շրջանակում կազմակերպվող կրթական, մշակութային ու հոգևոր ծրագրերի առիթով։ Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց հայրենաճանաչության նմանօրինակ ծրագրերը, որոնք կոչված են զորացնելու երիտասարդների ազգային գիտակցությունը և ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ գտնվելով հայրենիքում՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանն ու նվիրական սրբություններին և առավել խորությամբ ճանաչում իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կդառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգևոր ապրումներով, ջերմ տպավորություններով ու բացահայտումներով։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ անդրադարձավ երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստվածսիրությանն ու եկեղեցասիրությանը՝ նշելով, որ հենց այդ արժեքներն են ամուր պահում ազգային կյանքը, միավորում աշխարհասփյուռ հայությանը և զորացնում հայ ժողովրդի հավատն ու հույսը ապագայի հանդեպ։

Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք։

Այնուհետ Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին իրենց հոգիներում մշտավառ պահել ազգային ոգին, անսասան՝ հավատն առ Աստված և աննվազ՝ սերն առ հայրենին ու Սուրբ Եկեղեցին։ Հայոց Հայրապետը մաղթեց, որ այդ սիրով առաջնորդվեն իրենց կյանքում, ուսման ու աշխատանքի մեջ և իրենց շնորհներն ու կարողությունները ծառայեցնեն հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին և հայրենիքի շենացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին, բանակումի կազմակերպիչներին և ազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր իրենց նվիրյալ ծառայությունն են բերում երիտասարդ սերնդի կրթության, ազգային ու հոգևոր դաստիարակության և հայեցի նկարագրի կերտման նվիրական գործին։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում