Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 18:00 27-06-2026

«Ագազոսի» պատմությունը. Մետրոյի միլիոններից մինչև սնանկության դատարան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի մետրոպոլիտենի արդիականացման բազմամիլիոնանոց դրամաշնորհային և վարկային ծրագրերի իրականացումն ու դրանցում ներգրավված կապալառու ընկերությունների իրավական կարգավիճակը շարունակում են հարցեր առաջացնել։

Ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական տվյալների՝ 2010 թվականին մեկնարկել է «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի» Փուլ I-ը՝ 15 միլիոն եվրո ընդհանուր գումարով (5-ական մլն եվրո ՎԶԵԲ և ԵՆԲ վարկեր, 5 մլն եվրո ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի դրամաշնորհ)։ 2012 թվականին նույնպիսի ֆինանսավորման կառուցվածքով (ևս 15 մլն եվրո) մեկնարկել է Փուլ II-ը, որի առանցքային բաղադրիչներից էր դրենաժային թունելի երկարացումը։

Ծրագրի շրջանակներում որպես կապալառու հանդես է եկել իսպանական «Ագազոս» ՍԼ (Agazos SL) ընկերությունը, որը պարտավոր էր աշխատանքներն ավարտել մինչև 2017 թվականի օգոստոսի 19-ը։ Սակայն, ըստ պաշտոնական ձևակերպման, սահմանված օրվա դրությամբ աշխատանքները չավարտելու հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման համար «Ագազոսը» վճարել է տույժ-տուգանքներ՝ պայմանագրային գումարի 10%-ի չափով։



ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում մեկ ամսվա տարբերությամբ, միևնույն հասցեում (ք. Երևան, Էրեբունի, Վ. Աճեմյան փ. 1-ին նրբ., 4/5 շենք, բն. 4) գրանցվել են երկու տարբեր իրավաբանական ընկերություններ. «ԱԳԱԶՈՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ, որը գրանցվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին, և ներկայումս գործունեությունը դադարեցված է։ «ԱԳԱԶՈՍ» ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ (գրանցված՝ 2015թ․ նոյեմբերի 27-ին), որի նկատմամբ կիրառված է սահմանափակում։




Azdarar.am պաշտոնական հայտարարությունների հարթակի համաձայն՝ ՀՀ սնանկության դատարանի 15.04.2025թ. որոշմամբ «ԱԳԱԶՈՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ 00467622) ճանաչվել է սնանկ, և 2025թ. ապրիլի 25-ին հայտարարվել է պարտատերերի առաջին ժողովի հրավիրման մասին։ Սնանկության փաստը իրավականորեն սահմանափակում է ընկերությունից հետագա հնարավոր նյութական պահանջների բավարարումը։



Ծրագրի հիմնական իրականացման և ժամկետների խախտման փուլում կառավարման պատասխանատու օղակներում ներգրավված են եղել հանրությանը հայտնի անձինք, ինչը նշանակում է, որ ծրագրի որոշումների կայացման և վերահսկողության ողջ շղթան գտնվել է հետևյալ անձանց ձեռքում․ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան, ում ենթակայությամբ գործել է Մետրոպոլիտենը։ Մետրոպոլիտենի Ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Օվսաննա Ստեփանյանը, ով անմիջականորեն համակարգել է ծրագիրը։
Դավիթ Գրիգորյան՝ Տարոն Մարգարյանի խնամի, ով 2012-2014 թթ. եղել է Մետրոպոլիտենի տնօրենի 1-ին տեղակալ, իսկ 2014-2017 թթ.՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ։
Հատկանշական է, որ 2017-2018 թթ. նա նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, որի տարածքում էլ գրանցված են եղել վերոնշյալ տեղական «Ագազոս» ընկերությունները:



Նկատենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, չնայած խոշոր ներդրումային ծրագրերում չարաշահումների մասին հայտարարություններին, իրավապահ համակարգը հաճախ նախընտրում է գնալ ոչ թե կոնկրետ յուրացման դեպքերի բարդ քննության ճանապարհով, այլ կիրառում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմը։

Այնուամենայնիվ, քանի որ պատասխանատվության ժամանակաշրջանը համընկնում է Դավիթ Գրիգորյանի պաշտոնավարման փուլի հետ, Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նրա հետ՝ մի քանի հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով։ Սակայն երկրից բացակայելու պատճառով չկարողացանք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր