Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 23:01 24-06-2026

Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Մինչ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե հայկական արտադրանքի իրացման խնդիր չի լինելու, մարզերում մարդիկ փակում են իրենց բիզնեսները։

Տնտեսական «աճի» և արտահանման մասին հնչող պաշտոնական թվերի հետևում իրական մարդիկ են՝ պարտքերի մեջ խրված, շուկա չգտնող, միլիոնների վնասներ կրած և տարիների աշխատանքը վաճառքի հանած։ Այդ մարդկանցից մեկն էլ Գյումրիի ջերմոցատեր Արտակ Հարությունյանն է, ով ասում է՝ այլ ելք չունի, բիզնեսը վաճառում է։

«Մենք շուկա չենք կարող գտնել, մեզ համար միայն ներքին շուկան է, մնում է՝ Հայաստանի մեջ վաճառենք, բայց դա էլ չենք կարողանում։ Ես քաղաքականության մեջ չեմ մտնում, չգիտեմ՝ իրենք ինչ են անում կամ ուր են տանում։ Բայց փաստը մեկն է՝ բիզնեսս վաճառելու եմ, որովհետև ոչ ուրիշ տեղից եկամուտ ունեմ, ոչ էլ այլ աշխատանք կարող եմ անել։ Երկու ընտանիք ապրում էր էս ջերմոցի հույսով, բայց էդ հույսն էլ փակվեց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է «Վարդերի ջերմոցի» հիմնադիր Արտակ Հարությունյանը։

Նրա համար իշխանության ներկայացրած արտահանման թվերը ոչինչ չեն նշանակում, երբ սեփական տնտեսությունն օր օրի խրվում է ավելի խոր փոսի մեջ։

«Իմ տնտեսությունը կուզեմ, որ զարգանա, թե չէ իրենց հրապարակած թվերն ինձ ի՞նչ են տալիս։ Երկու եղբայրներով ենք հիմնել էս տնտեսությունը, տարիներով պահել, բայց հիմա կանգնել ենք պատի առաջ։ Արդեն ստիպված ենք վաճառել։ 7-8 տարի էս գործով ենք ապրել։ Անցած տարի էլ խնդիր կար, երկու ամսով փակեցինք, վարկերս ավելացան՝ 60 միլիոնից դարձան 80 միլիոն։ Հիմա էլ նույն վախի մեջ ենք՝ ուզում ենք շուտ վաճառել, որ պարտքերն էլ ավելի չկուտակվեն, գոնե հասկանանք՝ հետո ինչ պիտի անենք»,- ասում է նա։

Բայց եթե շուկայի բացակայությունը գործարարին հասցրել էր փակուղու, օրերս տեղացած կարկուտը, կարծես, վերջին հարվածն է հասցրել արդեն ծնկի եկած տնտեսությանը. «Սաղ ջերմոցը ջարդվել է, 10 միլիոնից ավելի վնաս ենք կրել։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում՝ լրիվ էդ է։ Ձմեռը ջեռուցել ենք, 20 միլիոն լույս ու գազ ենք վառել, բայց հիմա չենք կարող վաճառել։ Էդ ամենը վարկերով ու պարտքերով ենք արել»։

Տարիներով ստեղծված ջերմոցային տնտեսությունը, որից երկու ընտանիք էր ապրում, այսօր վաճառքի է հանվել ոչ թե շահույթ ստանալու, այլ պարզապես պարտքերի տակ ամբողջությամբ չմնալու համար։ Սա մեկ գործարարի պատմություն չէ․ սա այն իրականությունն է, որը չի երևում կառավարության հաղթական հաշվետվություններում։

Այնտեղ գուցե արտահանում կա, թվեր կան, աճ կա, բայց այստեղ՝ Գյումրիում, կա ջարդված ջերմոց, 80 միլիոնի հասած վարկ, 20 միլիոնի ջեռուցման ծախս և մի մարդ, ով ասում է՝ «բիզնեսս վաճառում եմ, որովհետև այլ ճանապարհ այլևս չկա»։

Անահիտ Չալիկյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում