Ներքին 5 տարի առաջ - 16:23 12-03-2021

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 1.1 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությունը 2017թ.-ի մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և խնդրել է անվավեր ճանաչել «N» ԲԲ ընկերության հետ 2016թ. դեկտեմբերի 5-ին կնքած «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերն», ինչպես նաև վերջինից բռնագանձել 1.092.593.543 ՀՀ դրամ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.

«Դատարանը 2018թ.-ի հուլիսի 27-ի վճռով մերժել է ընկերության պահանջը` պատճառաբանելով, որ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք են հանդիսացել կողմերի միջև կնքված պայմանագրերը, սակայն հայցվորը դատարան չի ներկայացրել վկայակոչած պայմանագրերը և չի ապացուցել պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2018թ.-ի հոկտեմբերի 25-ի որոշմամբ վճիռը թողել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի բերած վճռաբեկ բողոքը 2018թ.-ի դեկտեմբերի 12-ի որոշմամբ թողել է առանց քննության:

Մինչդեռ, Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև համագործակցության պայմանագիր և հետագայում նաև պայմանագրի ժամկետները երկարաձգելու վերաբերյալ համաձայնագրեր կնքվել են, դրանք առկա են եղել ընկերությունում, սակայն չեն ներկայացվել դատարանի գնահատմանը, ինչն էլ հիմք է հանդիսացել հայցը մերժելու համար:

Բացի այդ, պարզվել է նաև, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն, սակայն չի ներկայացրել գույքային դրության վերաբերյալ ապացույցներ:

Այսինքն՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք վկայակոչված քաղաքացիական գործի շրջանակներում օժտված լինելով դատարանի կողմից բաշխված բեռի ապացուցման պարտականությամբ, 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը, ինչպես նաև չեն շտկել վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները: Դրա հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլև ծանրաբեռնվել է նաև շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրա հետևանքով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջանալու հանցավոր արարքի առերևույթ կատարման հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը