Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 09:00 19-06-2026

86 մլն՝ պատժախցերի համար․ ինչ վիճակում են եղել Արմավիր ՔԿՀ-ի պայմանները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ իշխանությունները պարբերաբար հայտարարում են քրեակատարողական համակարգի բարեփոխումների մասին, պետական գնումների փաստաթղթերից ստացվող պատկերը բոլորովին այլ իրականություն է բացահայտում։ Պարզվում է՝ միայն այժմ է նախատեսվում 85 միլիոն 790 հազար 930 դրամ հատկացնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի որոշ պատժախցերի և տանիքի նորոգման աշխատանքների համար։



Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ նախատեսվում են պատժախցերում սանհանգույցների վերանորոգման, ջրամատակարարման, սառը և տաք ջրագծերի, օդափոխության, երեսպատման, ներկման և այլ հարակից աշխատանքներ։ Նշված են անգամ պատերի երեսպատման, սանհանգույցների կահավորման և ինժեներական լուծումների վերաբերյալ կոնկրետ պահանջներ ու չափորոշիչներ։



Սա ինքնին ենթադրում է առնվազն երկու հնարավոր սցենարներից մեկը․ կամ այդ ենթակառուցվածքները մինչ այժմ բավարար վիճակում չեն եղել, կամ առկա են եղել, սակայն չեն ապահովել նվազագույն կենսապայմաններ։

Եվ այստեղ առաջանում է ավելի լուրջ հարց․ եթե քրեակատարողական հիմնարկներում առկա են ջրագծեր, նախագծեր և վերանորոգման համար նախատեսվող ծախսեր, իսկ այժմ իրականացվում են նաև տաք և սառը ջրի համակարգերի բարելավման աշխատանքներ, ապա ինչո՞ւ են տարիներ շարունակ կալանավորված անձինք և դատապարտյալները բարձրաձայնել ջրի սահմանափակ հասանելիության, սանիտարահիգիենիկ վատ պայմանների, օդափոխության անբավարարության և գերծանրաբեռնվածության խնդիրների մասին։

Հատկանշական է նաև նախատեսված գումարի չափը՝ գրեթե 86 միլիոն դրամ։ Նման ծավալի ներդրման պարագայում մի շարք կարևոր հարցեր են առաջանում․ քանի՞ խուց է վերանորոգվելու, ինչո՞ւ հենց հիմա է առաջացել նման մասշտաբի միջամտության անհրաժեշտություն, և ինչո՞ւ այդ խնդիրները չեն լուծվել ավելի վաղ։



Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի ջրամատակարարման խնդիրը գոյություն ունի հիմնարկի շահագործման սկզբից՝ 2015 թվականից։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է նաև Արդարադատության նախարարությունը։ Միայն 2024 թվականին ներդրվել է նոր ջրամատակարարման համակարգ, ինչից հետո հայտարարվել է շուրջօրյա ջրամատակարարման ռեժիմի անցման մասին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած այցերի ընթացքում ազատությունից զրկված անձինք բազմիցս բարձրացրել են հատկապես խմելու ջրի հասանելիության և որակի հետ կապված խնդիրները։ Դրանք առավել ծանր են եղել այն անձանց համար, որոնք դրսից որևէ աջակցություն չեն ստացել։

ՄԻՊ ներկայացուցիչների արձանագրումներով՝ հիմնարկում առկա են եղել չնորոգված պատժախցեր, միջատների և կրծողների առկայության դեպքեր, ինչպես նաև անկողնային և հիգիենիկ պարագաների ապահովման, բժշկական ծառայությունների կազմակերպման և այլ խնդիրներ։

Կարելի է արձանագրել, որ եթե պաշտոնապես ընդունվել է, որ Հայաստանի ամենամեծ քրեակատարողական հիմնարկներից մեկը գրեթե մեկ տասնամյակ գործել է առանց շուրջօրյա ջրամատակարարման, և այսօր պետական գնումների միջոցով նախատեսվում է շուրջ 85,8 միլիոն դրամ հատկացնել պատժախցերի և տանիքի նորոգմանը, ապա հարց է առաջնում՝ ինչպես էին այդ ընթացքում ապահովվում կալանավորված անձանց տարրական սանիտարահիգիենիկ պայմանները։ Եվ եթե բողոքներն ու դիտարկումները տարիներ շարունակ արձանագրվել են, ինչո՞ւ են հիմա որոշել բավարարել դրանք, և այս նորոգումը կապ ունի՞ ընտրությունների հետ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ