Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 11-06-2026

Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ պետական գնումների համակարգում արձանագրվել է հերթական պարադոքսը, որն առաջին հայացքից կարող է կոռուպցիայի կամ զավեշտալի պատմության տպավորություն թողնել։ Խոսքը «ՀԻՊՈԿՐԱՏ ԴԵՆՏ» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է, որի ուսումնասիրությունը վեր է հանում համակարգային լուրջ անհամապատասխանություններ։

Ընկերությունը որը հիմնադրվել է 2025 թվականի սեպտեմբերին, արդեն նույն տարվա նոյեմբերի 20-ին Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի թիվ 751-Ա որոշմամբ ներառվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում («սև ցուցակ»)։



Եվ մինչ Լոռու մարզպետարանը պաշտոնապես արձանագրում է տնտեսվարողի անբարեխղճությունն ու այսպես ասած «վռնդում» համակարգից, վարչապետի աշխատակազմը ֆինանսական գործարքների մեջ է մտնում նույն անձանց հետ։


Ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ընկերությունը գրանցվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։

Ընկերությունը հաղթել է մարզպետարանի հայտարարած մրցույթում, սակայն սահմանված ժամկետում չի ստորագրել պայմանագիրը և չի ներկայացրել որակավորման ու պայմանագրի ապահովումները։



Ահա այստեղ է սկսվում իսկական քաոսն ու փաստաթղթերի իրարամերժությունը։ Մարզպետի պատժիչ որոշումից ընդամենը շաբաթներ անց՝ 2026 թվականի հունվարի 20-ին, Վարչապետի աշխատակազմը, ի դեմս գործերի կառավարիչ Գարիկ Բոշյանի, հիշյալ ընկերության (տնօրեն՝ Արկադի Մարտիրոսյան) հետ կնքում է ՀՀՎԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/23-1 ծածկագրով պայմանագրի թիվ 1 Համաձայնագիրը՝ 435․000 դրամ արժողությամբ։

Ստացվում է ամենահետաքրքիրը. ընկերությունը հասցրել է և՛ նոր բացվել, և՛ արդեն «սև ցուցակում» հայտնվել, և՛ դրանից հետո հանգիստ մասնակցել ու պայմանագիր կնքել երկրի թիվ մեկ պետական գերատեսչության հետ։

Ի վերջո, ու՞մ ատամն են սարքել․ դատելով ընկերության անվանումից («Հիպոկրատ դենտ»)՝ այն ստոմատոլոգիայի բնագավառում է գործունեություն ծավալում։ Բնականաբար տրամաբանական հարց է առաջացնում՝ արդյոք պետության հաշվին ինչ-որ պաշտոնյայի ատամնե՞րն են վերանորոգվել։

Իրավիճակն ավելի աբսուրդային է, երբ փաստաթղթերը հանգամանորեն ուսումնասիրվում են։ Դրանց արդյունքում պարզ է դառնում, որ ատամնաբուժական անվամբ ընկերությունը վարչապետի աշխատակազմին պարտավորվել էր 435․000 դրամի «պետության կարիքների համար ապրանք» մատակարարել։

Այսպիսով, այլ կերպ, քան քաոսը, դժվար է անվանել ՀՀ պետական գնումների համակարգում տիրող իրավիճակը։ Այս պատմությունը ոչ միայն իրավական անհեթեթության և պետական մարմինների միջև փոխկապակցվածության բացակայության ցայտուն օրինակ է, այլև մերկացնում է պետական գնումների ողջ համակարգը։

Անշուշտ, մենք դեռ երկար կգուշակենք, թե «Հիպոկրատ դենտը» պետության հաշվին ո՞ւմ ատամներն է բուժել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջինիս հետ պայմանագիր է կնքել՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ վերջինս Լոռու մարզպետարանի կողմից ներառվել է սև ցուցակում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր