Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 15:00 03-06-2026

Սուտը բռնվեց․ Էրդողանը Փաշինյանի տարեդարձը չի շնորհավորել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ «Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև Նիկոլ Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է Զոհաբերության տոնի կապակցությամբ (Քուրբան բայրամ), իսկ վերջինս էլ Փաշինյանին է շնորհավորել՝ ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։

Քանի որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ Էրդողանի անունից Փաշինյանին շնորհավորանք է վերագրվել, բայց թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին ոչինչ չի նշվել, Oragir.News-ը որոշեց համեմատել Երևանի և Անկարայի տարածած պաշտոնական հաղորդագրությունները, հասկանալ՝ որքանո՞վ են դրանք համապատասխանում իրար։

Պարզվեց՝ մեր «մտահոգությունները» տեղին էին, և Թուրքիայի նախագահականի պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկար, որ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան տարեդարձը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին Զոհաբերության տոնի կապակցությամբ։ Այս անգամ քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցերը։

Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացն առաջընթաց է գրանցում՝ ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ քայլերով։

Նախագահ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ձգտում է խաղաղության և կայունության և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին
»։

Հիշեցնենք՝ Էրդողանի անունից Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքներ են վերագրվել նաև 2025 և 2023 թվականներին, որոնք իրականում չեն եղել․

Նախորդ տարի հունիսի 5-ին կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրությունում նշվել էր, որ Փաշինյանը Զոհաբերության տոնի կապակցությամբ շնորհավորել է Էրդողանին, վերջինս էլ Փաշինյանին իբրև թե «շնորհավորել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով», սակայն թուրքական կողմի հաղորդագրությունում այդ մասին ոչինչ չէր նշվել։

2023-ի հունիսի 28-ին էլ՝ Արցախի շրջափակման ամենածանր փուլում, Նիկոլ Փաշինյանը կրկին Զոհաբերության տոնի կապակցությամբ շտապել էր շնորհավորել Էրդողանին, և, ըստ հայկական կողմի հայտարարության, վերջինս էլ «Փաշինյանին շնորհավորել էր Վարդավառի կապակցությամբ»։ Թուրքական կողմի հայտարարությունն ուսումնասիրելով կրկին «հիասթափվել էինք»․ դրանում կրկին հիշատակում չկար այն մասին, որ Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է Վարդավառի կապակցությամբ։

Այսպիսով՝ փաստենք, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական անգամ ստում է հայ ժողովրդին։ Թուրքիայի նախագահը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանի տարեդարձը, ինչպես նախորդ տարի չէր շնորհավորել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացման, 2023-ին էլ Վարդավառի տոնի կապակցությամբ, սակայն Փաշինյանի աշխատակազմը հիշյալ դրվագներով Էրդողանի անունից նրան շնորհավորանք է վերագրել։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր