Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 23-05-2026

«Ասֆալտային հեղափոխությունից» փլուզված աստիճաններ․ Կենտրոնում 39․7 մլն-անոց վերանորոգումը տապալվել է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ իշխանություններն այս օրերին ակտիվորեն զբաղված են քարոզարշավով և թմբկահարում են «ասֆալտային հեղափոխության» հաջողությունները, Երևանի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանում, իրավական քաշքշուկների և անբարեխիղճ կառավարման տեղական ենթակառուցվածքները փլուզվում են։

Այսպիսով, նշված վարչական շրջանում հերթական համայնքային ծրագիրն է փաստացի ձախողվել։ Այս անգամ խոսքը ներբակային աստիճանների վերանորոգման մասին է, որի համար նախատեսվել էր շուրջ 39.7 միլիոն դրամ, սակայն աշխատանքները ոչ միայն չեն ավարտվել, այլ ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ նույնիսկ պատշաճ չեն էլ մեկնարկել։


2026 թվականի մայիսի 11-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պաշտոնապես ծանուցել է «ՄԱՍՏԵՐԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, որ միակողմանիորեն հրաժարվում է պայմանագրից և այն համարում լուծված՝ 39 միլիոն 740 հազար 64 դրամ գումարի չափով։ Փաստաթղթում արձանագրված է, որ ընկերությունը խախտել է պայմանագրով սահմանված ժամկետները, չի պահպանել աշխատանքների կատարման ժամանակացույցը և չի իրականացրել նախահաշվով նախատեսված աշխատանքները։ Ավելին՝ վարչական շրջանի աշխատակազմը նշում է, որ նույնիսկ լրացուցիչ տրամադրված «ողջամիտ ժամկետից» հետո աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել։ Այսինքն՝ քաղաքային իշխանությունները փաստացի արձանագրել են, որ բազմամիլիոնանոց ծրագիրը տապալվել է։



Ծանուցման մեջ հղումներ են արված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 408-րդ և 466-րդ հոդվածներին, որոնց համաձայն պայմանագրային պարտավորությունների խախտումը և աշխատանքների չկատարումը հիմք են պայմանագրի միակողմանի լուծման համար։ Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ Քաղաքապետարանը «ՄԱՍՏԵՐԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին կանգնեցրել է փաստի առաջ՝ կա՛մ վճարել պայմանագրի և որակավորման ապահովման գումարները, կա՛մ հայտնվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց «սև ցուցակում»։



Ստացվում է ուշագրավ պատկեր․ համայնքային կարևոր ծրագիրը ձախողվել է, բնակիչները մնացել են չվերանորոգված և վտանգավոր աստիճանների առաջ, իսկ գործընթացի հիմնական քննարկումը տեղափոխվում է ֆինանսական փոխհատուցումների և գնումների ցուցակների դաշտ։ Արդյունքում կրկին առաջանում է նույն հարցը՝ ո՞վ է պատասխանատու հերթական ձախողված ծրագրի համար։

Վստահաբար, Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բնակիչներին չի տեղեկացնի, որ նույնիսկ այս տարրական աշխատանքը նրա կառավարությանը չի հաջողվել ավարտին հասցնել։ Եթե միլիարդավոր դրամներ փաստացի փոշիացան՝ ասֆալտապատման աշխատանքների ժամկետից շուտ դեֆորմացման հետևանքով, ապա ներբակային աստիճանների վերանորոգման ձախողումը պարզապես չունի որևէ տրամաբանական բացատրություն։

Չի բացառվում նաև, որ «նախընտրական ճակատի» վրա կենտրոնացված ծախսերի հետևանքով ծրագրային միջոցների մի մասը պարզապես սպառվել է, իսկ ֆինանսական ճեղքերը փորձ է արվում փակել նմանատիպ պայմանագրերի լուծարման կամ ծրագրերի փաստացի տապալման հաշվին։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ