Մամուլ 3 ամիս առաջ - 08:49 16-05-2026

Կրակոցների կիզակետում եղած նախկին փոխմարզպետը հիմա էլ ուսուցիչներին է ուղղորդում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզում մայիսի 13-ին ենթադրյալ չարաշահումներ են արձանագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացված քաղաքական միջոցառումից հետո։ «Ականատես» դիտորդական առաքելության փոխանցմամբ՝ մի շարք դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազանգերի միջոցով բարձրաձայն ու խիստ տոնով հրահանգավորել են ապահովել աշակերտների պարտադիր մասնակցությունը հավաքին։ Ըստ փաստագրված տեղեկությունների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի տնօրենը ոչ միայն աշակերտներին ազատել է դասերից, այլև նրանց բաժանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով շապիկներ։

Դիտորդական առաքելությունը նաև արձանագրել է, որ մարդկանց, և հատկապես երեխաների, հավաքագրման գործընթացը համակարգել է Արագածոտնի մարզպետի նախկին տեղակալ Էդգար Փարվանյանը, ով տեղում անձամբ դիմավորել է մասնակիցներին, բաժանել քարոզչական դրոշներ և հրահանգավորել, թե ով որտեղ պետք է կանգնի միջոցառման ընթացքում։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում է քաղաքական և վարչական պատասխանատվություն կրել տեղի ունեցածի համար և պաշտոնից ազատման դիմում գրել։

– Պարոն Մովսիսյան, Դուք՝ որպես Արագածոտնի մարզպետ, պատրաստվո՞ւմ եք հրաժարականի դիմում ներկայացնել, մինչև պարզվի, թե ովքեր են ստիպել կամ դրդել դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին մասնակցել ՔՊ-ի քարոզչական միջոցառմանը կամ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ի վերջո, մարզպետը Դուք եք, և դժվար է պատկերացնել, որ նման բան կարող էր տեղի ունենալ առանց Ձեր իմացության։ Ինչպես հայտնի է, տնօրեններին արդեն ստիպել են դիմումներ գրել ու հեռանալ՝ մինչև իրավաբանորեն ապօրինության մանրամասները պարզաբանվեն։

«Նախ՝ ես արձակուրդում եմ, ես չեմ կարող որևէ մեկին հանձնարարություն տալ։ Արձակուրդում եմ։ Պարոն վարչապետը ամեն ինչի մասին պատասխանել է։ Տեղեկացված եմ, որ տնօրենների մասով ծառայողական քննություն է բացվել, և օրենքով բոլորը կկրեն պատասխանատվություն։ Ուրիշ ասելիք չունեմ։ Ինչքանով տեղեկացված եմ՝ Ապարան համայնքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սերը շատ մեծ է, դրա համար ուսուցիչները, աշակերտները եկել են վարչապետին տեսնելու։ Բացառում եմ մեր կողմից ուղղորդում կամ վարչական լծակի կիրառում։ Ծառայողական քննությունը կպարզի, համապատասխան մարմինները կաշխատեն, գնահատականը կիմանանք, դրա համար է քննությունը։ Ոչ մի ապօրինություն չի մնա գաղտնի, թափանցիկությունն էլ կլինի»։

– Դպրոցների տնօրենները 19 քաղաքական ուժերից միայն Նիկոլ Փաշինյանի՞ն էին սիրում, որ միայն նրա հավաքին էին մասնակցում։

«Եթե իմ կարծիքն եք հարցնում՝ այո։ Մեր քարոզարշավի ուղիղ եթերը բացեք, նայեք, թե երեխաների ակտիվությունն ինչ մեծ է։ Մենք էլ ենք զարմանում, թե երեխաներն ինչպես են դարձել քարոզչության լոկոմոտիվ»։

– Եթե պարզվի, որ միջամտել եք, հրաժարականի դիմում գրելո՞ւ եք։

«Չի կարող նման բան պարզվել։ Դուք ինձ մի բանի մասին եք հարցնում, որի հետ ես որևէ առնչություն չունեմ»։

– Պարոն Մովսիսյան, դիտորդական առաքելությունը փաստել է, որ երեխաների և աշխատակիցների հավաքագրման կազմակերպիչը եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը՝ Ձեր տեղակալը։

«Ես նման տեղակալ չունեմ։ Այդպիսի անուն-ազգանունով փոխմարզպետ չկա մեր մարզում»։

Հիշեցնենք, որ Փարվանյանը, ով 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել էր Ապարան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, 2023 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել էր Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից։ Նրա անունը աղմկահարույց քրեական գործի հետ էր կապվում։

2022 թվականի հունիսին Ապարանում ճանապարհային միջադեպից սկսված վիճաբանությունը հաջորդ օրը վերածվել էր զանգվածային բախման, որի ընթացքում հրազեն էր կիրառվել։ Արդյունքում երկու մարդ զոհվել էր, ևս հինգը՝ վիրավորվել։ Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ վիճաբանող եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Թեև և՛ ՔՊ վաղամեռիկ պատգամավոր Ասատրյանը, և՛ Փարվանյանը հերքել էին այդ տեղեկությունները»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին