Ներքին 5 ամիս առաջ - 15:41 13-05-2026

ՔՊ կուսակցության քարոզարշավի շրջանակներում արձանագրվել է անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես»

2026 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մասնակցությամբ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ապարան համայնքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։

Այս մասին հայտնում են «Ականատես» դիտորդական առաքելությունից:

Առաքելության դիտորդները տեղում արձանագրել են, որ համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք դպրոցների տնօրենները և ուսուցիչները աշխատանքային ժամերին՝ դասերի ժամանակ կազմակերպված մասնակցել են միջոցառմանը։

Առավել մտահոգիչ է, որ ուսուցիչների և տնօրինության անմիջական հրահանգով աշակերտները դուրս են բերվել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով։ Երեխաներին բաժանվել են դրոշներ, ընդ որում, դպրոցականներին նախապես տրվել են պարտադրողական բնույթի ցուցումներ անգամ արտաքին տեսքի, հագուստի, ինչպես նաև սանրվածքի վերաբերյալ՝ հորդորելով լինել հյուսերով։

Դիտորդներն անձամբ ականատես են եղել, թե ինչպես են որոշ դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն և խիստ տոնով հրահանգավորում՝ պահանջելով ապահովել երեխաների պարտադիր և կազմակերպված մասնակցությունը։ Ըստ հաստատված տվյալների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի տնօրենը ոչ միայն ազատել է աշակերտներին դասերից հանրահավաքին մասնակցելու համար, այլև երեխաներին է բաժանել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող խորհրդանիշներով շապիկներ։

Առաքելության դիտորդները փաստել են, որ երեխաների և աշխատակիցների հավաքագրման կազմակերպիչը եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը։ Վերջինս տեղում ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, անձամբ դիմավորել է երեխաներին, նրանց բաժանել քարոզչական բնույթի դրոշներ և հստակ հրահանգներ տվել ներկաներին, թե ով որտեղ պետք է տեղակայվի միջոցառման ընթացքում։

Առաքելությունն արձանագրել է նաև մասնավոր հատվածի աշխատակիցների, մասնավորապես՝ «Գնթունիք» ընկերության անձնակազմի կազմակերպված ներկայությունը քաղաքական միջոցառմանը։

«Ականատեսն» արձանագրում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, իսկ ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը ենթակա է խիստ իրավական գնահատականի։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»