Ներքին 5 ամիս առաջ - 17:17 08-05-2026

Քարոզարշավը չպետք է կառուցվի վիրավորանքի, անհանդուրժողականության կամ հասարակությունը բաժանարար գծերով տարանջատելու շուրջ․ ՀՀ նախագահ

Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, անհանդուրժողականության կամ հասարակությունը բաժանարար գծերով տարանջատելու, այլ գաղափարների, ծրագրերի, սկզբունքների և երկրի զարգացման ուղիների շուրջ։

Ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարության մեջ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցությունների և դաշինքների առաջնորդներ, թեկնածուներ, համակիրներ և գաղափարակիցներ,

Մեկնարկում է հերթական ընտրական գործընթացի նախընտրական քարոզարշավը՝ մի փուլ, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ունի առանձնահատուկ քաղաքական և արժեքային նշանակություն։ Ընտրությունները միայն իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ չեն․ դրանք մեր հանրային հասունության, քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի և պետության հանդեպ պատասխանատվության կարևորագույն չափանիշներից են։

Ժողովրդավարությունը կենսունակ է այնքանով, որքանով հասարակությունը վստահում է սեփական ձայնի ուժին և համոզված է, որ իր կամարտահայտությունը պաշտպանված է, լսելի և ազդեցիկ։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել։ 2018 թվականից հետո մեր երկրում անցկացված ընտրությունները էապես ամրապնդեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ հաստատելով ազատ կամարտահայտության, թափանցիկության և ընտրական արդյունքների լեգիտիմության նոր քաղաքական իրականություն։ Սա մեր պետականության կարևոր ձեռքբերումներից է, որը պահանջում է շարունակական պատասխանատվություն և հետևողական զարգացում։

Այս ընտրական փուլը ևս պետք է դառնա քաղաքական մտքի, գաղափարների և ապագայի վերաբերյալ մրցակցող տեսլականների առողջ ու արժանապատիվ բանավեճի հարթակ։ Հանրային խոսքը, հատկապես քաղաքական պայքարի օրերին, ձևավորում է հասարակական մթնոլորտ, ազդում քաղաքացիների տրամադրությունների, վստահության և համերաշխության վրա։

Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, թեկնածուները և նրանց համակիրները առաջնորդվեն քաղաքական էթիկայի, հանրային պատասխանատվության և պետական մտածողության բարձր գիտակցությամբ։

Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, անհանդուրժողականության կամ հասարակությունը բաժանարար գծերով տարանջատելու, այլ գաղափարների, ծրագրերի, սկզբունքների և երկրի զարգացման ուղիների շուրջ։ Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց այն երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները, որովհետև ժողովրդավարության ուժը ոչ միայն ազատ խոսքի, այլև այդ ազատությունն արժանապատվորեն կրելու կարողության մեջ է։

Մեր պետության հիմքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, իրավունքներով, ազատությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ քաղաքական գործընթացների առանցքում հենց ինքն է՝ ոչ որպես միջոց, այլ որպես բարձրագույն արժեք։ Սա այն սկզբունքն է, որը պետք է ուղեկցի թե՛ քաղաքական պայքարը, թե՛ պետական կառավարման ամբողջ համակարգը։
Միաժամանակ կարևոր եմ համարում ընդգծել, որ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման կառույցները, իրավապահ և վերահսկող հաստատությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և հանրային պետական շահի գերակայությամբ՝ ապահովելով հավասար պայմաններ, օրինականություն և հանրային վստահության շարունակական ամրապնդում։

Համոզված եմ, որ քաղաքական հասունության, հանրային փոխադարձ հարգանքի և քաղաքացիական պատասխանատվության պայմաններում մենք կարող ենք անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք ոչ միայն կարտահայտեն ժողովրդի ազատ կամքը, այլև նոր ուժ կհաղորդեն մեր ժողովրդավարական ինստիտուտներին, պետական կայունությանը և ազգային համերաշխությանը։

Մաղթում եմ, որպեսզի այս ընտրական գործընթացը դառնա արժանապատիվ քաղաքական մրցակցության, հանրային վստահության և ժողովրդավարական արժեքների վերահաստատման օրինակ՝ հանուն Հայաստանի Հանրապետության ամուր, իրավական և ապագային վստահ նայող պետության»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի