Ներքին 5 ամիս առաջ - 09:00 08-05-2026

Զրոյական շարժ, միլիոնների խախտումներ․ ի տարբերություն ընդդիմադիրների՝ Արզաքանցյանն անպատիժ է մնում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը 2023 և 2024 թվականների ֆինանսական հաշվետվություններում արձանագրված անհամապատասխանությունների պայմաններում փաստացի որևէ պատասխանատվություն չի կրում։ Այս մասին Oragir.News-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած որոշումից։ Հանձնաժողովը ստուգել է կուսակցության 2023 և 2024 թվականների ֆինանսական հաշվետվությունները և արձանագրել մի շարք կասկածելի, թերի ու իրար հակասող տվյալներ։



Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ժամանակահատվածում «Ուժը Հայրենյաց» կուսակցության հաշվետվություններում առկա են եղել լուրջ խնդիրներ՝ բանկային «զրոյական շարժի» պայմաններում ներկայացված մուտքեր ու ելքեր, չարտացոլված ծախսեր, թերի տվյալներ և պահանջվող փաստաթղթերի ուշացումով ներկայացում։ Հաշվետվություններում չեն նշվել նույնիսկ ղեկավար կազմի մասին անհրաժեշտ տեղեկություններ։ Այս թերացումների համար «Ուժը Հայրենյացը» ԿԿՀ-ից բանավոր դիտողություն է ստացել։



Մինչդեռ Հայաստանում բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և քաղաքական ուժեր նույնատիպ կամ նույնիսկ անհամեմատ փոքր խախտումների համար ենթարկվում են խիստ վարչական և քրեական հետապնդումների, հայտնվում են դատարաններում։


Այնուամենայնիվ, ողջամիտ հարց է առաջանում՝ եթե բանկային շարժ չի եղել, ապա որտեղի՞ց են առաջացել հաշվետվություններում նշված ֆինանսական հոսքերը և ովքե՞ր են ֆինանսավորել կուսակցական միջոցառումները։

Այստեղ պատմությունը միայն թվերի մասին չէ։ Հանձնաժողովը դեռ 2025 թվականի նոյեմբերին պահանջել էր ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր՝ հաշվետվությունների հավաստիությունը ստուգելու համար։ Սկզբում տրվել է 10-օրյա ժամկետ, ապա՝ հավելյալ 5 օր։ Բայց այդ ժամկետի ավարտից հետո պահանջվող տվյալները չեն ներկայացվել։ Արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։



Սակայն, երբ գործն արդեն քննության փուլում է եղել, պահանջվող փաստաթղթերը վերջապես ներկայացվել են, և հանձնաժողովը որոշել է, որ խախտումը «նվազ նշանակության» է։ Այդպիսով՝ տուգանք չի նշանակվել, վարչական պատասխանատվություն չի կիրառվել, իսկ գործը, ինչպես վերը նշեցինք, կարճվել է բանավոր դիտողությամբ։


Ենթադրելի է, որ այլ քաղաքական ուժեր ևս ունեցել են նման խնդիրներ ու դիտողություն ստացել։ Արդյոք բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ կիրառվո՞ւմ են նույն խիստ մոտեցումները, թե՞ որոշ դեպքերում քաղաքական կապերն ու ազդեցությունը թույլ են տալիս խուսափել պատասխանատվությունից։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր