Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:13 16-04-2026

Հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումների ընթացքում։

«Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա:

Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձեւավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:

Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:

Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տեւական է:
Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:
Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:

2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:

Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները:
Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավայի Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ:
Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:

Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:

Հարգելի՛ գործընկերներ,
Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն»,- նշել է նա։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը․ խմբագրված
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է