Ներքին Միտք 9 ամիս առաջ - 09:15 26-12-2025

Զավեշտ է. ОРТ-ն չեն արգելում, այլ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտությունը

Զավեշտով լի է ՔՊ-ական իշխանության քաղաքական կուրսը։

Կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում հաստատվեց ԲՏԱՆ կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով նախատեսվում է սահմանել նոր դրույթ, ըստ որի՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։

Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր բախտակից երկրներում վաղուց փակվել են ռուսական ալիքները։ ՀՀ ազգային մուլտիպլեքսով հեռարձակվում են ռուսական հեռուսաալիքները։ ՀՀ-ում ռուսական ալիքների փակման թեման նորոգվում է նախընտրական շրջանում։ Հիշեցնենք, որ ԵՄ-ն 15 մլն եվրո է տրամադրել Հայաստանին 2026-ի ընտրություններում ռուսական միջամտությունը կանխելու համար։ Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ռուսական ալիքները փակելու մասին որոշում ընդունելու փոխարեն, օրակարգ է բերում այսպիսի օրենք, որով ընդամենն արգելվում է ռուսական ալիքներին ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածել։

Իսկ ի՞նչ է հասկանում ՔՊ-ական իշխանությունը «ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն» ասելով։

Նախորդ տարիներին և հիմա էլ ռուսական ալիքներով, մասնավորապես՝ ռուսական 1-ին ալիքով պարբերաբար անդրադարձ է կատարվում Հայաստանին առնչվող խնդիրներին, Հայաստանի քաղաքական դիրքորոշմանը, հայ-ռուսական հարաբերություններին և այլն։ ՔՊ-ական իշխանությունը դրանց արձագանքում է միայն այն պարագայում, երբ խիստ վատաբանում, ծաղրում են Նիկոլ Փաշինյանին։ Մյուս բոլոր դեպքերում ՔՊ-ին չի հետաքրքրում ՀՀ ներքաղաքական կյանքին անդրադարձող բովանդալությունը։

ՔՊ-ի՝ այս կարևոր հարցին այսպիսի վերաբերմունքը հիրավի զավեշտալի է, ոչ համարժեք։ Այսպիսով՝ ՔՊ-ական իշխանությունը ցույց է տալիս, որ ռուսամետ կուրս է վարում։ Հարկ է նկատել, որ ռուսական ալիքների ազգային մուլտիպլեքսով հեռարձակումն ինքնին տեղեկատվական սպառնալիք է, քանի որ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Մոսկվային դեռ թվում է, թե ՀՀ-ն ռուսական ֆորպոստ է, ինչպես 2018-2022-ին։ Մեր երբեմնի բախտակից երկրներն այս տրամաբանությամբ են փակել ռուսական ալիքները։

ԵՄ-ն 15 մլն եվրո է տվել, որ չեզոքացվի ռուսական ազդեցությունը ՀՀ ԱԺ 2026-ի ընտրություններին։ Ռուսական ազդեցության ազդեցիկ գործիքներից են ռուսական ալիքները, հատկապես՝ ռուսական հանրային հեռուստաալիքը՝ ռուսական 1-ինը՝ ОРТ-ն, որը հեռարձակվում է ՀՀ ազգային մուլտիպլեքսով։ Եթե ՀՀ-ն իրապես ԵՄ-ին անդամակցելու գործընթաց է սկսել, ապա առաջին հերթին ռուսական ալիքները պիտի փակեր։ Իսկ ՔՊ-ն ОРТ-ն փակելու փոխարեն, ընդամենը մեկ դրույթ է ներառում օրենքում, թե՝ ներքաղաքական կյանքի միջամտությունն արգելվում է։

Պարզ ասած՝ այս նախագծով հավելյալ ապացուցվեց, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց իրականում չկա, Մոսկվան շարունակելու է քարոզչական գործիքներով ազդել ընտրությունների վրա՝ փորձելով դուրս թողնել անկախության ու ժողովրդավարության ջատագով ուժերին, իսկ ՔՊ-ն մնում է վառ ռուսամետ ուժ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում