Ներքին 9 ամիս առաջ - 09:55 12-12-2025

Հայոց պատմության տարեգրության մեջ 1991 թ. Մյուռոնօրհնությունն առանցքային է

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է․

Հայոց պատմության տարեգրության մեջ 1991 թ. Մյուռոնօրհնությունն իր հոգևոր և գաղափարաբանական իմաստով առանցքային է:

Այդ օրհնաբաշխ օրը 130-րդ Հայոց Հայրապետը՝ Տ. Տ. Վազգեն Ա. Կաթողիկոսը, հանձինս իր երջանկահիշատակ նախորդների և շնորհազարդ հաջորդների, անսասանորեն սահմանեց մի փրկարար ու պատմական ճշմարտություն՝ դարերի հոլովույթում թրծված և դոգմա դարձած՝ անառարկելի և անքննադատելի, անմերձենալի. «…Ինքնիշխան պետութեան անկախութեան հիմքերից մէկն է նաև հայ ազգի Եկեղեցու անկախութիւնը և ինքնիշխանութիւնը»:

Ուստի Հայոց Հայրապետը՝ լինելով առաջին հոգևոր սպասավորը Հայաստանյայց Եկեղեցու, սուրբ պարտք ունի տեր և պաշտպան լինելու Հայոց Եկեղեցու ազատության, անկախության և ինքնիշխանության: Եվ, բնականաբար, ամեն մի ուխտապահ հոգևոր սպասավոր՝ դպիր, սարկավագ, քահանա (կամ աբեղա), եպիսկոպոս, սուրբ պարտականություն և հանձնառություն ունի կանգնելու իր Կաթողիկոսի կողքին՝ վասն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, վասն եկեղեցական կարգաց ու կանոնաց, վասն Սբ Եկեղեցու առաքելության:

1991 թ. թե՛ առաջ և թե՛ հետո Հայրենի պետությունը խորապես գիտակցել ու հարգել է, այլև պաշտպանել է այդ պատմական ճշմարտությունը՝ «հայ ազգի Եկեղեցու անկախութիւնը և ինքնիշխանութիւնը»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետը՝ լինելով Տ. Տ. Վազգեն Ա. Վեհափառի հավատարիմ ու նվիրյալ հոգեզավակն ու արժանահաջորդը (որ իր կյանքով ու ծառայությամբ վայելել է Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի կատարյալ վստահությունը), այսօրվա մեր փորձանաշատ կյանքում բոլորանվեր և հավատարիմ իր կաթողիկոսական խոստմանն ու ուխտին, իր երանաշնորհ նախորդների պես, մշտարթուն կանգնած է այդ սուրբ ավանդի պահպանման և պաշտպանության համար: Եվ հոգևոր դասի ամբողջությունն էլ, նույն գիտակցությամբ ու հանձնառությամբ, կանգնած է իր Օծյալ Հայրապետի շուրջբոլորը:

Եվ ա՛յս է միակ շինարար՝ ազգաշեն ու հայրենակերտ ճանապարհը, որով պետք է առաջ գնանք մենք բոլորս՝ աշխարհական ու հոգևորական, ամենապարզ քաղաքացուց մինչև վերին պատասխանատու պաշտոնյան, քանզի մենք, սիրելիներ, ունենք մեկ Եկեղեցի, մեկ Հայրենիք, մեկ Պետություն՝ որպես աստվածաշնորհ պարգևներ:

Նորեն լսենք, նորեն ականջալուր լինենք երանաշնորհ Հայրապետի փրկարար պատգամին և խորհենք… ի՛նչ ենք անում մենք…

Տ. Տ. Վազգեն Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց.

«… Այս օրերին, երբ մեր Մայր Հայրենիքը հռչակել է իր պետական անկախութիւնը, Հայ Առաքելական Եկեղեցին բարձրաղաղակ ողջունում է այդ հռչակումը, այն գիտակցությամբ, որ ինքը՝ Հայ Եկեղեցին, իր սկզբնաւորման ժամանակներից մինչև մեր ժամանակները պահել-պահպանել է անկախութեան գաղափարը, հոգևոր կեանքի մակարդակի վրայ: Դարեր շարունակ բռնատէրերի լծի տակ հայ հաւատացեալը ինքն իրեն զգացել է ազատ ու անկախ միայն իր մայր Եկեղեցու կամարների ներքոյ:

Արդար է հետևաբար, որ Հայ Եկեղեցին ճանաչուի նախավկան, նախակարապետը

մերօրեայ պետական անկախութեան:

Հայ Եկեղեցին, ինքնիշխանութեան ու անկախութեան գաղափարը իրականացրել է դարեր շարունակ նաև այլ Եկեղեցիների հետ իր յարաբերութիւնների ճանապարհին:

Քրիստոնեայ մեծ Եկեղեցիներ, Բիւզանդական շրջանից սկսած, յաճախ ձգտել են իշխել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հոգու վրայ ու խափանել նրա ազգային ոգեկանութեան անկախութիւնը: Այդ տեսակետից Հայ Եկեղեցու պատմութիւնը մի հերոսամարտ է՝ ընդդէմ նման օտար Եկեղեցիների նուաճողական ձգտումների:

Այսօր, մեր անկախ պետութեան հռչակումով, այժմէութիւն է ստանում նաև հայ ազգի Եկեղեցու հոգևոր անկախութեան ամրապնդման հրամայականը, իբրև հայ ժողովրդի միակ հարազատ Եկեղեցին, անկախ օտար կրօնական կենտրոններից:

Մեր նոր ինքնիշխան պետութեան անկախութեան հիմքերից մէկն է նաև հայ ազգի Եկեղեցու անկախութիւնը և ինքնիշխանութիւնը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը