Ավելին 1 տարի առաջ - 23:01 08-10-2025

«Ոսկե բլուր» հնավայրում պեղումներ են կատարվում

ՀՀ Արարատի մարզի Մասիսի շրջանի Հայանիստ գյուղի հարավային մասում` ծովի մակերևույթից մոտ 840 մ բարձրության վրա, գտնվում է «Ոսկե բլուր» հնավայրը՝ Կուրարաքսյան (Շենգավիթյան) մշակույթին պատկանող վաղբրոնզեդարյան` լավ պահպանված բնակատեղերից մեկը (մ.թ.ա. 3500/3350–2600/2500 թթ.)։

Երևանից շուրջ 22 կմ հարավ-արևմուտք ընկած հնավայրը արհեստական բլուր-բնակատեղ է՝ շուրջ 2,6 հա մակերեսով։ Առաջին հնագիտական պեղումներն այստեղ կատարվել են 1975–1976 թթ․ հնագետ Էմմա Խանզադյանի ղեկավարությամբ։

2020-ից «Ոսկե բլուր»-ում գործում է հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ֆրանսիայի Արտաքին գործոց նախարարության և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Archéorient լաբորատորիայի (UMR 5133) համագործակցության շրջանակում։ Նույն թվականից հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը հնավայրում պարբերական պեղումներ և ուսումնասիրություններ է կատարում:

2025 թ․ պեղումները մեկնարկել են սեպտեմբերին և կավարտվեն հոկտեմբերի 8-ին։ Պեղումները ղեկավարում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ.գ.դ Ռուբեն Բադալյանը (հայկական կողմից) և Լիոնի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ, պ.գ.դ Բերանժեր Պերելլոն (ֆրանսիական կողմից)։

Արշավախմբի կազմում ընդգրկված են նաև ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատողներ՝ պ.գ.թ. Արմինե Հարությունյանը, Լևոն Աղիկյանը, ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման խմբի գիտաշխատող Լիլիթ Տեր-Մինասյանը, Լիոնի Հնագիտական ծառայության աշխատակից, հնակենդանաբան Օրելիեն Քրեզյոն և Հայաստանի պատմության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոնա Հովսեփյանը։

Այս տարի աշխատանքները շարունակվել են հուշարձանի 4-րդ և 5-րդ պեղամասերում, ինչպես նաև բացվել է նոր՝ 6-րդ հատվածը։ Պեղումների ընթացքում բացվել են տարբեր բարձրության հում աղյուսե պատեր, հայտնաբերվել են Կուրարաքսյան շրջանին բնորոշ խեցեղենի բեկորներ, քարե գործիքներ ևն: Առանձնակի հետաքրքիր են` լավ պահպանված կավե օջախը, ինչպես և թրծած աղյուսով շարված միջնադարյան թոնիրը:

Արշավախմբի համաղեկավար Ռուբեն Բադալյանի խոսքով՝ պեղումներն այստեղ կշարունակվեն առաջիկա տարիներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը