Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:13 07-07-2025

Մոսկվայում նոր են ըմբռնում ղարաբաղյան «աղյուսի» կոնցեպտը. մեկ աղյուսը փլուզեց տարածաշրջանի կայունության ճարտարապետությունը

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․

«Վերջին ամիսները նշանավորվեցին միջազգային հարաբերություններում եղած իրողությունների արմատական փոփոխություններով: Մենք ականատեսը եղանք Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային կարողություններին հասցված հզոր հարվածին և կարճատև պատերազմին: Այնուհետև հերթական տեղապտույտը գրանցվեց Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ջանքերում: Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում, բայց ինչ արդյունքներով, մնաց չլուսաբանված: Էրդողանը նորից փայլեց իր դիվանագիտությամբ և մնաց իր բարձունքին:

Նա շարունակում է մնալ ամենապահանջված պետական առաջնորդը բոլոր բևեռների համար: Ստեփանակերտում նա իր դաշնակից Ալիևի հետ գումարեց իսլամա-թյուրքական տնտեսական համագործակցության կառույցի գագաթնաժողովը, որտեղ նորից հնչեցին Հայաստանի դեմ վերջնագրային բնույթի պահանջներ: Այս իրադարձությունները մեզ համար նշանավորվում են մի քանի նոր իրողություններով: Առաջինը դա Իրանի նախագահ Փեզեշքիանի մասնակցությունն էր Ստեփանակերտի ֆորումին և ողջագուրումը Ալիևի հետ:

Դա այդքան էլ տարօրինակ չէր լինի, եթե Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական խորացված ռազմա-տնտեսական գործընկերը չլիներ: Փաստորեն ստացվեց, որ տարածաշրջանում Իսլամական Հանրապետության թիվ մեկ թշնամի Իսրայելի հետ սերտ համագործակցող Ադրբեջանը Իրանի հետ նույնպես եղբայրության մեջ է: Ոմանք սա համարում են պարսկական հեռատեսության, ճկունության և թաքուն ծալքեր ունեցող դիվանագիտության դրսևորում, կամ խորամանկություն: Ամեն դեպքում ներկա իրավիճակը ՌԴ-Իրան-Ադրբեջան եռանկյունում մնում է չբացահայտված և ստվերային:

Երկրորդ անսպասելի իրողությունը ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների սրումն էր, այն դեպքում, որ 2016թ. -ից հետո դրանք զարգացել են դրական միտումներով: Նորմալ բարոյական տրամաբանությունը ենթադրում էր, որ Ղարաբաղի կլանման 2020-23թթ. իրադարձություններում Մոսկվայի և Թեհրանի իներտ վերաբերմունքը պետք է, որ Բաքվում երկարատև երախտագիտության և ջերմության մթնոլորտ ապահովեին Պուտինի հանդեպ:

Այն, որ թուրքական դաշինքը երբեք էլ չի կարող Ռուսաստանի բարեկամը և դաշնակիցը լինել բոլորս էլ շատ լավ գիտենք: Պատմությունն է ապացուցել հազար անգան, չարժե նորից կրկնել հանրահայտ փաստերը: Կարևորը կանխատեսել ներկա զարգացումները: Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ ռուսական հետախուզական հատուկ ծառայությունները բացահայտել են Զելենսկու վարչակարգին ցուցաբերված թուրք-ադրբեջանական աջակցության նոր փաստեր: Միայն դա կարող էր այդպիսի բացասական հակազդեցություն առաջ բերել:

Ինչ որ չորս հինգ տարի առաջ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների հանցագործությունների բացահայտումը հիմնարար բացատրություն չի և միջպետական հարաբերությունների սրման պատճառ չի կարող լինել: Բաքու-Մոսկվա լարվածության շարունակման դեպքում Ադրբեջանը որպես հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար:

Հատկապես, որ Վրաստանը չարդարացրեց իր հետ կապված նման հույսերը: Արևմուտքը ինչպես պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա իր ազդեցությունը ուժեղացնելու և Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու համար: Ինտրիգային հարցադրումը մեզ համար սա է մնում: Գուցե և իր մոդերատորությամբ արագացնի խաղաղության պայմանագրի կնքումը և Թուրքիայի հետ ապահովի սահմանի բացումը Զանգեզուրի միջանցքի դիմաց:

Այս սցենարի դեպքում իսկապես կարող է ռուսական ազդեցության հետ կապված երեսնամյա պայքարը ավարտվել: Ի դեպ մոսկովյան կենտրոններում նոր են խորությամբ ըմբռնում ղարաբաղյան «աղյուսի» կոնցեպտը: Այդ մեկ աղյուսը փլուզեց ողջ տարածաշրջանի կայունության ճարտարապետությունը, պարզվեց, որ այդ մեկ աղյուսի վրա էր հիմնված շինությունը: Դե ինչ արած, հետո պատմաբանները կգրեն կրեմլյան դիվանագիտության ճակատագրական սխալի մասին: Իսկ հայաստանյան փորձանքագիտական ռահվիրաների ուշադրությունը հրավիրում եմ Ադրբեջանի արևմտյան դրեյֆի վրա, գնահատեք և «լուսաբանեք»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի