Ներքին 1 տարի առաջ - 20:53 24-05-2025

Վեհափառը շքանշան է հանձնել Արթուր Գրանցին, ում բարերարությամբ կառուցվել է Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանի ողջույնի խոսքով։

Մեծարյալի կյանքին և ազգօգուտ ու հայրենանվեր գործունեությանն անդրադարձավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերված Հայրապետական սրբատառ կոնդակն ընթերցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հայրապետական սրբատառ կոնդակում ի մասնավորի ասվում է. «Առ Աստված հավատքով ու պատրաստակամ հոգով Դուք հանձն առաք Բելառուսում առաջին հայկական եկեղեցու կառուցումը` հոգևոր բերկրանք և խնդություն պարգևելով մեր ժողովրդի բարեպաշտ զավակներին:

․․․Նորակառույց եկեղեցու Սուրբ Խորանից բաշխվող երկնառաք շնորհներով զօրանալու է բելառուսահայ համայնքի հոգևոր ու ազգային կյանքը՝ խարսխված տերունաշնորհ հավատքի, առ հայրենին և առ եկեղեցին սիրո վրա, և Մեր զավակները Բարձրյալի օրհնության ներքո, հավատարիմ իրենց ինքնությանը, մեր ժողովրդի նվիրական ավանդներին ու արժեքներին, կերտելու են իրենց լուսավոր ու բարօր ապագան Բելառուսի օրհնյալ երկրում»:

Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարերարի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու բարձրագույն շքանշանով` վերստին բերելով նրան Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց նաև շնորհընկալը` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին: Վերջինս Բելառուսի հայ համայնքի անունից նաև շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Բելառուս կատարած նրա օրհնաբեր այցելության և նորակառույց եկեղեցու օծման համար։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները։

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում