Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:15 03-04-2025

ԵԽ պատգամավորները Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ Այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։

Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքները։

«Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով»,- նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։

«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը հիշել էր իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։

«Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։

Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլաս Բեյը, քննադատել է Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ նշելով, որ արդեն 110 տարի Թուրքիան փորձում է բռնակցել հայկական հողերը։ Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճանաչի իր անցյալի հանցագործությունները:

«Կանաչների» ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան արձանագրել է, որ ԵՄ-ն չի կարող շարունակել աչք փակել այն ժամանակ, երբ դա իրեն հարմար է․
«Եկեք աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը»,- հավելել է նա։
Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաև ԵՄ շարունակվող համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հատկապես գազային մատակարարումների և Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։

«Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ»,- նշել է Մարի Տուսենը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է՝ այս անգամ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։

EAFJD կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել եվրոպացի այն պատգամավորներին, որոնք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միաժամանակ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը։ Կազմակերպության նախագահը ևս քննադատել է ԵՄ գործադիր իշխանությանը՝ «ցեղասպանություն» եզրը չկիրառելու և պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։

Նիստի ընթացքում եվրոպացի օրենսդիրները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի տնտեսական շահերից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»