Ներքին 1 տարի առաջ - 16:30 19-02-2025

ԱԳՆ-ում չգիտեն՝ կարիերայի թռիչքային աճ ունեցած փոխնախարարը որ ուղղություններն է համակարգելու

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշմամբ՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Աբիսողոմոնյանը մինչ այդ զբաղեցնում էր արտգործնախարարի խորհրդականի պաշտոնը։

Oragir.News-ը ուսումնասիրեց նորանշանակ փոխանախարարի կենսագրությունը՝ հասկանալու համար, թե նախքան իր նշանակումը նա ինչ գործունեություն է ծավելել, ինչպես նաև՝ որ արժանիքների համար է փոխարտգործնախարար նշանակվել․

Նախքան դիվանագիտական ծառայության անցնելը՝ Աբիսողոմոնյանը 2008 թվականին աշխատել է «Պռոկրեդիտ» բանկում՝ որպես վարկային մասնագետ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունում նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ մամուլի և տեղեկատվության վարչության փորձնակի պաշտոնից։ 2009-2020 թվականներին Աբիսողոմոնյանի կարիերայի աճը եղել է բնականոն, և նա դիվանագիտական սանդուղքով հերթով բարձրացել է՝ զբաղեցնելով Ռումինիայում ՀՀ դեսպանի օգնականի (2011-2013), ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ հարցերի բաժնի կցորդի (2015-2017) և ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կցորդի, երրորդ քարտուղարի (2017-2020) պաշտոնները։

Ուշագրավ է, որ արդեն 2021 թվականից Աբիսողոմոնյանի կարիերայում թռիչքային աճ է նկատվում, և 3-րդ քարտուղարի պաշտոնից հետո նրա աճը շարունակվում է ոչ թե դիվանագիտական սանդուղքի տրամաբանությամբ, այլ՝ հայեցողականության սկզբունքով․ 2021-2023 թվականներին նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի օգնականի, 2023-2025 թվականներին էլ՝ խորհրդականի պաշտոնը։

Oragir.News-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց՝ վերջին տարիներին կարիերայի թռիչքային աճ արձանագրած փոխարտգործնախարարը ԱԳՆ-ում ո՞ր ուղղություններն է համակարգելու։ Ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին հրապարակման ենթակա է միայն Ռոբերտ Աբիսողոմոնյանի կենսագրությունը, որը արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված է։ «Եթե հավելյալ հավելյալ տեղեկատվություն ունենամ, որը ենթակա կլինի հրապարակման, կտեղեկացնենք, բայց այս պահին այն է, ինչ ունենք»։

Oragir.News-ի ճշտող հարցին՝ փոխարտգործնախարարի կողմից համակարգվելիք ուղղությունները հրապարակման ենթակա չե՞ն։ «Սովորաբար դա մենք հանրային չենք նշում, եթե դա սահմանվում է հանրային, համապատասխանաբար լինում է հանրային։ Այս պահի դրությամբ դրան դեռևս անդրադարձ չունենք, եթե կարիք լինի կտեղեկացնենք։ Ոլորտները հրապարակելու անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ասաց նա՝ նշելով, որ դա գաղտնի ինֆորմացիա չէ, և անհրաժեշտության դեպքում այն կհրապարկվի։

Անի Բադալյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես կարող ենք ծանոթանալ Աբիսողոմոնյանի հեղինակած գիտական հոդվածներին։ Նա պատասխանեց, որ այս մասով անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել՝ խոստանալով տրամադրել դրանք։

Այսպիսով՝ չնայած նորանշանակ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը 2021 թվականից հետո կարիերայի թռիչքային աճ է ունեցել, այնուամենայնիվ ԱԳՆ-ում դեռևս չգիտեն, թե վերջինս գերատեսչությունում որ ուղղություններն է համակարգելու և այդ տեղեկատվությունը հրապարակելու անհրաժեշտություն առնվազն այս պահին չեն տեսնում։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը