Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:30 05-02-2025

Ի՞նչ կփոխվի Հենրիխ Մխիթարյանի բոյկոտի արդյունքում

Հանրությանն այնքան է խորթացել արժեքներից, սոցիալ վարքաբանությունն այնքան է հեռացել նորմալից, որ երբ մեկն արժանապատիվ վարք է դրսևորում, հանրության մի մասը դա զարմանալի, սկանդալային արարք է որակում։

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել ՀՀ նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հունվարի 31-ին տեղի ունեցած 2024 թվականի լավագույն մարզիկների, մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը, չի ուղարկել ներկայացուցիչ, ենթադրաբար՝ բոյկոտել է իշխանությունների հրավերն ու 6 միլիոն 250 հազար դրամ պարգևը։

Մամուլը պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ իշխանությունները չեն կարողացել նրան Հայաստան բերել: Կառավարության պաշտոնական հոլովակում ասվում է, որ Մխիթարյանը լավագույնն է հռչակվել առցանց քվեարկությամբ, սակայն նա կամ նրա ներկայացուցիչը չեն եկել Հայաստան: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չի ունեցել ֆուտբոլիստին հանձնել պարգևը, սեղմել ձեռքը, ուրախ դեմքով նկարվել նրա կողքին, ինչպես մյուս լավագույնների պարագայում:

Ինչո՞ւ է Հենրիխ Մխիթարյանը, ենթադրաբար՝ բոյկոտել պետական պարգևը։ Ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ սոցիալ հոգեբանության առողջացման առումով։

2 տարի առաջ ֆուտբոլիստն հայտարարեց, որ ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում, հեռացավ Հայաստանից, քանի որ Հենրիխ Մխիթարյանի, նկատմամբ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու նրա թիմակիցները լավ վերաբերմունք չցուցաբերեցին, իսկ Մխիթարյանի մորը՝ Մարինա Թաշչյանին, հեռացրեցին անգամ ՀՖՖ գործկոմից: Այս վերջին հանգամանքն անձնավորում է Հենրիխ Մխիթարյանի ենթադրյալ արժանապատիվ բոյկոտը։

Իրականում՝ մեր հասարակության մի մասն այլ կերպ է մտածում, դրամական պարգևը, իշխանության կողմից ճանաչումը, մեծարումը բարձր և պարտավորեցնող է գնահատում, չի համարձակվում մերժել իշխանությունների մեկնած ձեռքը, քանի որ վախենում է, որ կարող է հալածանքի, հետապնդման թիրախ դառնալ։ Քիչ չեն նաև պատեհապաշտները։ Եվ այս մոտեցումները դոմինանտ են։

Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին հարյուր հազարավոր սպաներ, մտավորականներ, սփյուռքահայեր, սեփական կարծիք ունեցող մարդիկ հանիրավի հալածվել, աքսորվել գնդակահարվել, սպանվել են խորհրդային, հակամարդկային իշխանությունների կողմից։ Սակայն նրանց հարազատների մի մասը մոռանում էր այդ մասին, արդարացնում բռնաճնշումները։ Այսինքն՝ Ստալինը գնդակահարում էր մարդուն, մարդու որդին փառաբանում էր Ստալինին։ Այդ տարիներին Հայաստանի բնակիչների մի մասը Օսմանյան կայսրությունու Հայոց ցեղասպանության զոհերի, բռնագաղթի ենթարկվածների ժառանգներ էին։ Նրանց մի մասը,սակայն, մոռանում էր այդ ամենն ու գովերգում թուրքերի հետ եղբայրությունը, որը հաստատվել էր ռուս-թուրքական պայմանագրով։ Այսինքն՝ թուրքը մորթել էր մարդուն, իսկ մարդու որդին խոսում էր թուրքի հետ եղբայրության մասին, թուրքական երգեր երգում։

Այսպիսով՝ երկար տարիներ հայ հասարակության մեջ ձևավորվել էր սոցիալ հոգեբանական կոնսենսուս, ըստ որի՝ մարդկային արժանապատվությունը անջատված էր քաղաքականությունից։ Արդյունքում և՛ մարդկային արժանապատվության, և՛ քաղաքականության վերաբերյալ հանրային պատկերացումներն աղավաղվում էին, մարդը խորթանում էր արժեքներից, այնուհետև՝ իրականությունից։

Կարճ ասած՝ Հենրիխ Մխիթարյանի ենթադրյալ արժանապատիվ բոյկոտն ապացուցեց, որ կան հայեր, որոնց համար մարդկային արժանապատվությունն ավելի թանկ է, քան 6 միլիոն 250 հազար դրամ պետպարգևը։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստը մեծ ժողովրդականություն է վայելում։ Եվ չի բացառվում, որ հանրության մի մասը նրանից օրինակ կվերցնի, և այսուհետև արժանապատվությունը բարձր կդասի, քան դրամական պարգևը, պետական խրախուսանքն ու մեծարանքը։ Այնուհետև մարդիկ հակամարդկային արարք գործողի, չբարեկամի, թշնամու, դավաճանի, ինչպես նաև անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, ազգային արժեքների նկատմամբ համարժեք վերաբերմունք կցուցաբերեն, ընդհանրապես՝ իրականությանը համարժեք վարք կդրսևորեն, էապես նպաստելով սոցիալ հոգեբանության առողջացմանը, հետևապես՝ ազգային մարտահրավերների հաղթահարմանը, ազգային երազանքների իրականացմանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի