Ներքին Արտաքին Միտք 2 տարի առաջ - 18:00 13-05-2024

Իրական դաշնակիցները․ Փաշինյանի համար Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ կանգնած են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանում մեկնարկած համազգային շարժումն այս օրերին կապիտալիզացվում է՝ իր հիմքում դնելով երկիրը աղետալի իրավիճակի հասցրած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ էր, որ ստեղծված ծանր իրավիճակի հաղթահարումը և նոր կորուսների կանխումը հնարավոր են բացառապես Փաշինյանի իշխանության հեռացմամբ, սակայն դա տեղի չունեցավ, ավելին՝ նա 2021-ի արտահերթ ընտրություններում կարողացավ վերարտադրվել, որից հետո կորցրեցինք ամբողջ Արցախը և ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառակուսի կմ-ն։

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն անհանգստացնում է իշխանականներին, քանի որ վերջիններս գիտակցում են, որ ստեղծված ծանր իրավիճակում իրենք նույնպես իրենց պատասխանատվության բաժինը ունեն։ Հենց այս պատճառով էլ վերջիններս առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, հպարտանում նրանով, վիրավորում համազգային շարժմանը մասնակցող տասնյակ հազարավոր քաղաքացիներին և ամենակարևորը՝ բացառում, որ կմիանան կառավարության ղեկավարի իմպիչմենտի գործընթացին։

Բացի ՔՊ-ականներից, Հայաստանում ծավալվող համապետական և համազգային շարժմանն ակտիվորեն հետևում և այն թիրախավորում են նաև Ադրբեջանում և Թուրքիայում։ Հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքներն ակտիվորեն լուսաբանում են ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիները, ընդունում, որ դրանց տասնյակ հազարավոր քաղաքացիներ են մասնակցում՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ իշխանական լրատվամիջոցները հակառակն են պնդում․

Մասնավորապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի ծանր հրետանին՝ Haqqin.az լրատվականը 1 օրում ավելի քան 10 հոդված է հրապարակել՝ մանրամասներ հայտնելով, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Իշխանամետ Caliber.az-ն էլ չի թաքցրել իր զարմանքը, երբ տեսել է, թե Բագրատ Սրբազանի կոչով որքան մարդ է հավաքվել հրապարակում։ «Ի դեպ ռևանշիստները լավ էլ ժողովուրդ են հավաքել։ Ակնհայտ է, որ այստեղ 150 մարդ չի, ինչպես իշխանական տելեգրամ ալիքներն են գրում»,- իր զարմանքն այս բառերով է արտահայտել Caliber.az-ը։

Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ու փորձագետները զուգահեռաբար կրկնում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների քարոզչական թեզերն ու պնդումները։ Վերջիններս ադրբեջանական լսարանին հաճախ են հիշեցնում, որ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ընտրված ղեկավարն է, ում ռևանշիստները փորձում են հեռացնել իշխանությունից», «Բագրատ Սրբազանը Կրեմլի գործակալ է, նրան հովանավորում է Ռոբերտ Քոչարյանը», և այլն։

Մտահոգիչ է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում այս օրերին նաև տեղեկություններ են տարածվում առ այն, որ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական ցնցումները Թուրքիայի և Ադրբեջանի համար որոշակի ռիսկեր են պարունակում, «ռևանշիստների իշխանության գալը կարող է խաթարել ծրագրված երկխոսությունը և խաղաղության գործընթացը», ուստի «Բաքուն և Անկարան, հնարավոր է, ստիպված լինեն Հայաստանում զորքեր մտցնել ու կարգուկանոն հաստատել»։

Նկատենք, որ թեև Ադրբեջանում և Թուրքիայում նման պնդումները դեռևս միայն լրատվամիջոցների ու փորձագետների մակարդակով են հնչեցվում, այնուամենայնիվ կարող ենք պնդել, որ դրանք արտահայտում են այդ երկրների իշխանությունների տեսակետները, քանի որ 2 երկու երկրներում էլ մամուլը գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության տակ և առանց վերջիններիս թողտվության նման հրապարակումներ չեն կարող կատարվել։

Ընթարցողին ցանկանում ենք հիշեցնել, որ Թուրքիան և Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պաշտոնական մակարդակով աջակցություն հայտնելու փորձ նույնպես ունեն․ 2021 թվականի փետրվարի 25-ին, երբ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մի խումբ գեներալների հետ միասին պահանջել էր Փաշինյանի հրաժարականը, իսկ վերջինս այն որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ», Անկարան ու Բաքուն ամենաբարձր մակարդակով այն դատապարտեցին՝ ընդգծելով «ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած կառավարությանն ու վարչապետին հեղաշրջմամբ հեռացնելու անթույլատրելիությունը»։ Բացի այդ չափազանց կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2021-ի փետրվարին ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումները աշխարհում «ռազմական հեղաշրջման փորձ» էին որակել միայն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները։

Այսպիսով՝ համադրելով վերոհիշյալ իրողությունները, հերթական անգամ համոզվում ենք Հայաստանի գործող իշխանությունները վայելում են Թուրքիայի և Ադրբեջանի անվերապահ աջակցությունը, և վերջիններս ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգվում է, ամեն ջանք գործադրում են՝ այդ վտանգները չեզոքացնելու և Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար։ Ասվածը վկայում է նաև այն հանգամանքը, որ երբ հրապարակվում էին 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքերը և պարզ էր դառնում, որ առաջատարը Նիկոլ Փաշինյանն է, թուրքական ու ադրբեջանական մամուլում իսկական ոգևորություն էր տիրում, իսկ շարքային թուրքերն ու ադրբեջանցիները չէին կարողանում անգամ զսպել իրենց հրճվանքը։

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իրական դաշնակիցները Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն են, որոնք իրեն աջակցելու հարցում պատրաստակամ են։ Կարծում ենք՝ վերոհիշյալ իրողությունները ևս մեկ անգամ ընդգծում են Նիկոլ Փաշինյանի՝ օր առաջ հեռացման անհրաժեշտությանը, քանի որ վերջինիս յուրաքանչյուր մեկ օր ավել պաշտոնավարումը կասկածի տակ է դնում հայկական պետականության կենսունակությունը։

Ստեղծված իրավիճակում հասարակ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր տարաձայնությունները և միանան համապետական այս շարժմանը, որը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրական հնարավորություն է ընձեռնել։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ