Ներքին Արտաքին Մամուլ 2 տարի առաջ - 22:30 29-04-2024

Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ալիևին անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ ջանքերին։

Նշվում է նաև, որ Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել այդ երկրում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Oragir.News-ը քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե ԱՄՆ պետքարտուղարի այս կոչն ինչպիսի ազդեցություն կունենա այդ երկրում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման գործընթացի վրա։ Ի պատասխան՝ Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ պետքարտուղարության հայտարարության մեջ հայ գերիների մասին խոսք չի եղել, դրանում ավելի շատ խոսվում էր Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր գործիչների մասին։

Քաղաքագետը նշեց՝ Վաշինգտոնը ողջունել է, որ ընդդիմադիր գործիչ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի նկատմամբ տնային կալանք է սահմանվել։

«Այստեղ խոսքն ավելի շատ Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր ակտիվիստների ու քաղաքական գործիչների մասին էր։ Ցավոք սրտի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս հայ գերիների մասին հայտարարության մեջ առանձնահատուկ չի նշվել»,- ասաց նա։

Անդրադառնալով մտահոգություններին, որ Տավուշից հետո Ադրբեջանը չի շարունակի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը՝ Արմեն Վարդանյանը համաձայնեց դրանց հետ։ Նա շեշտեց, որ Ադրբեջանը Տավուշի հատվածում ստանալու բաներ ունի, դրա համար էլ ոգևորված է այս գործընթացով ու ինտենսիվ ճնշումներ էր գործադրում, որպեսզի այն կայանար․

«Եթե Տավուշից հետո անցնեն մյուս հատվածներին՝ Գեղարքունիքին, Սյունիքին, այնտեղ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգելու է գործընթացը, որովհետև այդ դեպքում ինքը տալու բաներ ունի։ Այստեղ գործընթացն ամենայն հավանականությամբ կմտնի փակուղի։

Հիմա այս գործընթացն իրենց պետք է, որովհետև Տավուշի հատվածում ստանալու բան ունեն, տալու ոչինչ չունեն, դրա համար էլ այդպես ինտենսիվորեն՝ ճնշումների, պատերազմի սպառնալիքի միջոցով փորձում են հասնել այդ հատվածի սահմանազատմանն ու սահմանագծմանը»։

Մեր հարցին, թե ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որ Ադրբեջանն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին, այդ թվում Արցախի ղեկավարությանը և այս հարցում ի՞նչ դեր կարող է ունենալ Ռուբեն Վարդանյանի հացադուլը՝ Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ դրա համար Ադրբեջանը Հայաստանից ինչ-որ ծանրակշիռ բան պետք է ստանա։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել չխոչընդոտել Բաքվում COP 29 կլիմայի հարցերով գագաթաժողովի անցկացմանը, ինչի դիմաց նախորդ տարի 32 հայ ռազմագերիները փոխանակվեցին ադրբեջանցի 2 զինծառայողների հետ։

Վարդանյանի համոզմամբ՝ դա բավականին լուրջ և հեղինակավոր միջոցառում է, Ադրբեջանը շատ մանրազնին կերպով պատրաստվում է դրան, աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների է հրավիրել և այլն։

«Ուստի Արցախի ղեկավարներին ազատ արձակելու դիմաց Ադրբեջանը Հայաստանից ինչ-որ ծանրակշիռ բան պետք է ստանա։ Ցավոք սրտի միջազգային ճնշումներն այս պահին ուժեղ չեն, և դա երկրորդ տարբերակը կլիներ, եթե այդպիսի ճնշումներ լինեին։ Սակայն մենք տեսնում ենք, որ միջազգային ճնշումները դեռևս թույլ են ու արդյունք չեն տալիս»,- կարծում է նա։

Քաղաքագետը հավելեց, որ Ադրբեջանի պահանջները կարող են շատ տարբեր լինել։ Նա ասաց՝ չէր պատկերացնի, որ COP 29-ի գագաթաժողովի անցկացմանը ՀՀ-ի կողմից չխոչընդոտելու դիմաց Ադրբեջանը պատրաստ էր 32 ռազմագերիներին փոխանակել իր 2 զինծառայողների հետ, բայց փաստացիորեն դա հայկական դիվանագիտության մոտ հաջողվեց։

«Հետևաբար զիջումները կարող են ամենատարբեր ձևերով լինել, նույնիսկ այնպիսի բաների շուրջ, որոնց մասին անգամ չենք պատկերացնում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից