Ներքին 2 տարի առաջ - 10:53 27-03-2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Տոյվո Կլաարի հայտարարությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, որն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներով հնչող սպառնալիքները Հայաստանի հասցեին։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Միության հայտարարությունը․

«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Խոսքի անազատության և կամարտահայտման արգելման հարցում առաջատար այդ երկրում լրատվամիջոցների պետական պատվերային հակահայկական խոսույթը և շանտաժային սպառնալիքներն ամենևին նորույթ չեն։ Ադրբեջանի ղեկավարության մշտական անհիմն պահանջներին «ձայնակցում է» նաև ադրբեջանական մեդիան՝ մեկ սպառնական արտահայտությունը բազմապատկելով և «իրավապատմական» հիմք ապահովելով։ Նման կերպ Ադրբեջանը մի կողմից արհեստականորեն խոչընդոտում է տարածաշրջանային կարգավորման գործընթացը, մյուս կողմից այդ խոչընդոտման «մեղավորությունը» տարածում Հայաստանի վրա։

Սա ադրբեջանական ապակառուցողականության ցուցիչներից մեկն է, սակայն ոչ վերջինը, որի վրա անհրաժեշտ ենք համարում հրավիրել Եվրոպական Միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ուշադրությունը։ Միայն սպառնալիքներ չեն, որ գեներացնում է ադրբեջանական մեդիան, այլ հստակ և անշեղ հայաֆոբիան, որը արդեն մի քանի տասնամյակ է, ինչ տալիս է իր դառը պտուղները։ Ադրբեջանական հանրությունը՝ մանկապարտեզից մինչև կրթության և դաստիարակության տարբեր օղակներ, կերակրվում է Հայաստանի և հայի դեմ անչափելի ատելությամբ, որն արտահայտվում է ի դեմս ռամիլսաֆարովական և քամիլզեյնալիական հակամարդկային դրսևորումների և հանրության լայն շերտերում դրա հերոսացման և պաշտամունքի։

Ադրբեջանական լրատվական դաշտը համառորեն լռում է 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և այլ հայկական ու հայաբնակ վայրերում Ադրբեջանի իրականացրած ջարդերի ու վայրագությունների, Ջուղայի հայկական գերեզմանատան և հայկական հոգևոր-ազգային ժառանգության ամբողջական ոչնչացման և դրանց՝ մարդկության դեմ հանցավոր ակտ լինելու մասին և փառաբանում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքի քանդումը, իբրև «հանցագործությունների» պլանավորման վայր, մինչդեռ քանդման և պարսավանքի են ենթակա ադրբեջանական բոլոր պետական գերատեսչությունների շենքերը, որոնցում տարբեր ժամանակներում պլանավորվել են հայության դեմ բոլոր պատերազմական հանցանքները։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը պահանջում է միջազգային դերակատարներին գործուն քայլեր կատարել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հակահայկական քարոզչության և Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խոսքի քննության և դատապարտման ուղղությամբ»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում