Ներքին 2 տարի առաջ - 22:15 31-01-2024

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ մարզերում տեղաբաշխված բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով մարզպետարանների միջոցով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ: 112 հազար անձ եղել է միանվագ 100 հազարական դրամ աջակցություն ստանալու շահառու: «Ավելի ուշ սահմանեցինք կեցության և կոմունալ ծախսերի աջակցության ծրագիրը, որով ով բնակարան ուներ՝ 10 հազար դրամի չափով էինք աջակցում, ով բնակարան չուներ՝ 40+10: Այս աջակցությունը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: Սա կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, 4 հազար ուսանողի համար միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր: Այս թիվն առաջիկայում կավելանա:

«Առողջապահության բնագավառում ունենք 69 հազար մարդ, ովքեր առաջնային օղակում հաշվառվածներն են: Սա նաև խողովակ է, որով իրենք կարողանում են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայություններից օգտվել: Այսօրվա դրությամբ մոտ 7 հազար դեպք ունենք, որոնցով անձինք օգտվել են նաև պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից: Ունենք 20 հազար 656 դիմումներ կենսաթոշակառուների կամ նպաստառուների վերաբերյալ, 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են: Հիշեցնեմ, որ վճարումները կատարել ենք հոկտեմբերից հաջորդող բոլոր ամիսների համար, ուղղակի, քանի որ դիմումները կառուցված են նաև հաշվառվելու մոտեցման վրա՝ պետք է անձը հաշվառվի և դիմում ներկայացնի: Սա պրոցես է, որը կշարունակվի մինչև բոլորի ամբողջական ներառումը համակարգում: Ունենք նաև 2408 դիմումատուներ, ովքեր նպաստների համար են դիմել, նրանցից 585-ը փաստացի իրենց նպաստները ստացել են:

Զբաղվածության մասում 212 ուսուցիչներ մեր աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում: Ընդհանուր առմամբ, 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար, և հնարավորություն ենք տվել, որպեսզի իրավաբանական անձինք իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու համար մինչև այսօր վերագրանցվեն և կարողանան սահուն կերպով շարունակել տնտեսական գործունեությունը»,- ասել է փոխվարչապետը: Նշվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել աջակցության հնարավոր գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է սոցիալական ծրագրերի ներդաշնակեցումը և հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել քննարկումները ներկայացված գաղափարների ու առաջարկությունների շուրջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում