Ներքին 2 տարի առաջ - 18:35 19-01-2024

Շենքն ամեն պահ կարող է փլուզվել․ հույս ունենք՝ մարզպետը չի խաբի․ Լենուղու վթարային շենքի բնակիչ

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում փլուզման եզրին գտնվող հանրակացարանային շենքի բնակիչներին խոստացել են մինչև փետրվարի առաջին շաբաթը գումար տրամադրել։

«2023 թվականի հոկտեմբերին, երբ Դավիթ Խուդաթյանը զբաղեցնում էր Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, անձամբ խոստացավ, որ մինչև 2024 թվականի փետրվարը մեր խնդիրը կլուծվի, դուրս կգանք վթարային շենքից։ Հիմա Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ, հույս ունենք, որ իր խոսքի տերը կլինի և իր ասած ժամկետում մեզ գումար կտրամադրեն, որպեսզի կարողանանք բնակարան գնել և տեղափոխվել այստեղից։

Բազմիցս մեզ հույսով են արել, ժամկետներ նշել, բայց օրը եկել է, ասել են՝ չստացվեց,նորից կփորձենք ու այդպես տարիներ շարունակ մեզ խաբել են։ Չենք ուզում, որ հերթական անգամ խաբվենք, հույս ունենք, որ նորանշանակ մարզպետը չի խաբի»,- ասաց վթարային շենքի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ մարզպետարանից հայտնել են, որ բոլորին նույն չափով գումար են տրամադրելու, կապ չունի, թե բնակարանը քանի քառակուսի մետր է կամ ընտանիքի անդամները քանիսն են։

«Մեր շենքի հարևանությամբ ևս մեկ վթարային շենք կա, որի բնակիչներին դեռ նախորդ իշխանությունների օրոք գումար տրամադրեցին՝ 6 միլիոն 800 հազար դրամ։ Հիմա մեզ գումարի չափ չեն ասել, միայն նշում են, որ տրամադրվող գումարը մյուս վթարային շենքի բնակիչներին տրամադրված գումարից մի փոքր ավելի է»,- ասաց Լենուղու բնակիչը։

Ճշտող հարցին՝ ինչքա՞ն գումար է հարկավոր, որպեսզի Լենուղի գյուղում բնակարան կամ սեփական տուն գնեն, արդյոք հաշվարկներ արե՞լ են, բնակիչը պատասխանեց․

«Փոքրիկ սեփական տուն սարքելու համար՝ միայն շենքը սարքելն ու դուռ-պատուհան տեղադրելը, մոտավորապես 10 միլիոն դրամ։ Մնացած աշխատանքները կամաց-կամաց ընթացքում կանենք։ Հույս ունենք, որ գոնե 10 միլիոն գումար կհատկացնեն։ Այստեղ ապրելն այլևս անհնար է, վախենում ենք տուն մտնել, շենքն ամեն պահ կարող է փլվել»։

Oragir.News-ը Արմավիրի մարզպետարանի լրատվական վարչությունից հետաքրքրվեց, թե արդյոք խոստացված ժամկետում բնակիչներին կտրամադրվեն գումարները։ Հարցրեցինք նաև գումարի չափը։

«Պարոն մարզպետն ասաց, որ գործընթացն ընթացքի մեջ է, ժամկետները, որոնք նշվել են, պայմանավորվածությունները պահպանված են։ Ինչ վերաբերում է գնին, ապա այն պայմանավորված է կադաստրային արժեքով»,- մարզպետի խոսքը փոխանցեցին Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում