Ներքին 2 տարի առաջ - 17:30 08-01-2024

Զորքերի հայելային հետքաշումը նախապայմա՞ն է, թե՞ ոչ. ԱԳՆ-ն լռում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

2021 թվականի մայիսի 12-ից սկսած, երբ ադրբեջանական զինված ուժերն առաջին անգամ ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ՀՀ իշխանություններն Ադրբեջանին առաջարկեցին երկու երկրների զինված ուժերը սահմանից հայելային կերպով հետ քաշել, տեղում միջազգային դիտորդներ տեղակայել, որից հետո միայն սահմանազատման և սահմանագծման գործընթաց իրականացնել։ Ռազմական փորձագետների համոզմամբ՝ սա չափազանց վտանգավոր նախաձեռնություն է, քանի որ եթե անգամ Ադրբեջանն այն ընդունի, ապա վերջինս զորքերը հետ է քաշելու իր կողմից օկուպացված տարածքներից, իսկ Հայաստանը՝ իր ինքնիշխան տարածքից, իսկ չեզոք գոտին ստեղծվելու է բացառապես ՀՀ-ի տարածքի հաշվին։

Չնայած այս ամենին, հայկական կողմն ադրբեջանական հերթական ներխուժումներից հետո պարբերաբար հանդես էր գալիս այս առաջարկով, որը կրկին ու կրկին մերժվում էր պաշտոնական Բաքվի կողմից։ Շաբաթներ առաջ էլ, երբ հայկական կողմը հերթական անգամ առաջարկել էր զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմանից, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Բաքուն առայժմ զորքերը հետ չի քաշի հայ-ադրբեջանական սահմանից, քանի որ դա անվտանգ նախաձեռնություն չէ։

Սակայն օրեր առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից Sputnik Армения-ին հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկը ուժի մեջ է։ ՀՀ ԱԳՆ-ի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ։ «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ զորքերի հայելային հետքաշումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից` հիմք ընդունելով Խորհդային Միության Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզները»,- լրատվամիջոցին հայտնել էին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Oragir.News-ն այսօր Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից մեկնաբանություն խնդրեց, թե արդյոք զորքերի հայելային հետքաշման առաջարկը ՀՀ-ի կողմից բանակցային նախապայմա՞ն է, թե՞ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել առանց հայելային հետքաշման։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից մեզ խնդրեցին հարցն ուղղել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին, ով մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան թողեց, իսկ ավելի ուշ հաղորդագրություն ուղարկեց՝ խնդրելով, հարցն այդ տարբերակով գրել, սակայն հարցն ուղարկելուց հետո այն կրկին անպատասխան մնաց, ԱԳՆ մամուլի խոսնակն էլ՝ շարունակեց չպատասխանել հեռախոսազանգերին։

Այսպիսով՝ ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է խորհրդավոր լռություն պահպանել՝ չհստակեցնելով՝ զորքերի հայելային հետքաշումը հայկական կողմի համար նախապայմա՞ն է, թե՞ ոչ։ Այս լռությունը ավելի է խորացնում այն մտահոգությունները, որ հայկական կողմը պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ առանց սահմանագծման և սահմանազատման գործընթացի, ինչն Ադրբեջանի հերթական պահանջն էր, և նման տարբերակով փաստաթղթի ստորագրումը հարևան պետությանը ոչ մի կերպ չի կաշկանդելու ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիաների իրականացնելու հարցում։

Կից հրապարակում ենք նաև հաղորդագրության սքրինշոթը, որը փաստում է վերոհիշյալ իրողությունը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը