Մշակույթ 2 տարի առաջ - 19:03 29-12-2023

Զուր ես գալիս, Նո՛ր տարի․ Կոմիտասի Նոր տարին

Նոր տարի էր, հին նոր տարիներից մեկը…, և Կոմիտասը, ինչպես միշտ, պետք է գնար բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն, ուր ամեն տարեմուտի սպասում էին նրան:

Բանաստեղծը շատ երեխաներ ուներ, նրա մոտ էր ապրում նաև փոքրիկ Շամունիկը` բանաստեղծի հորեղբոր աղջիկը: Այս աղջիկը հրաշալի երգում էր, երգում էր «Կաքավիկը», «Ախ մարալ ջանը»…,և Կոմիտասը լսում էր նրան: Նոր տարի էր, հին նոր տարիներից մեկը: Այդ օրը՝ առավոտյան, Կոմիտասին տխուր լուրեր էին բերել Սասունից, ու նա ոչ մի տեղ չէր ուզում գնալ․ որոշել էր՝ իր վշտերի ու մտքերի հետ կմնա իր խցում: Բայց ելավ տեղից, բամբակից մորուք կպցրեց, ճերմակ վերնոց հագավ, ձեռքն առավ թթենու մի ճյուղ, սրինգը գրպանը դրեց ու հին Վաղարշապատի հին փողոցներով գնաց դեպի բանաստեղծի տուն: Երբ նա մտավ բանաստեղծի բակը, գրպանից հանեց սրինգն ու սկսեց նվագել…Երեխաների ուրախությանը չափ չկար: Բոլորը վազեցին դեպի պատուհանը, քանի որ ամեն տարեմուտի Կոմիտասը այդպես ճերմակ մորուքով, ձեռնափայտով ու սրինգ նվագելով ներս էր մտնում պատուհանից և կանգնելով լուսամուտի գոգին` ասում էր.

-Գալդ բարի՛, Նո՛ր տարի:



Այս անգամ էլ նա բացեց պատուհանը, որը նրա համար կիսաբաց էին թողել, կանգնեց լուսամուտի մոտ և նվագեց, նվագեց երկար և ոչինչ չասաց: Իջավ, գրկեց իր շուրջը հավաքված երեխաներին, հետո մոտեցավ բանաստեղծին ու ասաց.

-Զուր ես գալիս, Նո՛ր տարի…

-Ի՞նչ է եղել․․․

-Սասունից տագնապալի լուրեր են եկել:



Առաջին տարին էր, որ երեխաները չլսեցին նրա ծիծաղը, նա ոչինչ չասաց երեխաներին, մի երկու տխուր մեղեդի նվագեց, հետո երկար զրուցեց բանաստեղծի հետ, մոռացավ պոկել իր ճերմակ բամբակից մորուքը ու այդպես էլ վերադարձավ տուն: Սա վերջին Նոր տարին էր, որ այցելեց նա բանաստեղծին, և երբ շատ տարիներ անց թաղում էին նրան, փոքրիկ Շամունեն, որ արդեն հասուն կին էր դարձել, վերջին անգամ ապակու տակից տեսավ նրա հավիտենական քնով քնած դեմքը, և թվաց նրան, թե ինչպես տարիներ առաջ, պատուհանի ետևից տեսնում է նրան, իսկ մորուքը ճերմակ այն բամբակի հետքերն են, որ կպցնում էր վարդապետը նոր տարվա օրերին: Ու բոլորի համար անսպասելի ծունկի իջավ դագաղի առաջ և մրմնջաց.

-Գալդ բարի, Նո՛ր տարի…

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր